Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման փորձերը


Պատժամիջոցների քաղաքականության հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվան, արխիվ
Պատժամիջոցների քաղաքականության հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվան, արխիվ

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրի ծավալների աճի ֆոնին Եվրամիությունն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների շրջանցման փորձերը: Այս մասին հայտարարել է պատժամիջոցների քաղաքականության հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը Financial Times պարբերականի հետ զրույցում:

«Մենք տեսնում ենք Եվրամիությունից դեպի Ռուսաստան առևտրային հոսքերի կտրուկ նվազում և առևտրի անսովոր աճ երրորդ երկրների հետ՝ հատկապես այն երկրների, որոնք գտնվում են Ռուսաստանի անմիջական հարևանությամբ», - ասել է Եվրամիության նորանշանակ պաշտոնյան և տարակուսանք հայտնել. - «Նրանց մոտ հանկարծակի բազմաթիվ նոր կարիքնե՞ր են առաջացել այդ նյութերի, և ապրանքները մնում են այնտե՞ղ։ Թե՞ դրանց մի մասը այս կամ այն ձևով մտնում է Ռուսաստան»։

Օ'Սալիվանը կոնկրետ երկրներ չի նշել՝ վկայակոչելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Նա հավելել է, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը հանդիպելու են՝ միմյանց ներկայացնելու պատժամիջոցների հնարավոր շրջանցման մասին իրենց տվյալները և վերահսկողությունը ուժեղացնելուն ուղղված քայլերը:

Թերթը, հղում անելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, հայտնում է, որ վերջին ամիսներին, մասնավորապես, շեշտակի աճել են Եվրամիության հետ Հայաստանի, ինչպես նաև Ղրղըզստանի առևտրի ծավալները։ Հայաստանի կառավարությունից լրատվամիջոցին հավաստիացրել են, որ «քայլեր են ձեռնարկում՝ կանխելու պատժամիջոցների շրջանցման ցանկացած փորձ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG