Մատչելիության հղումներ

Իրանը պատժամիջոց է սահմանել «Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահի նկատմամբ


«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը, արխիվ:
«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը, արխիվ:

Ի պատասխան Իրանի նկատմամբ Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների՝ Իրանի կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ընդգրկել ավելի քան երկու տասնյակ իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց թվում է նաև «Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը:

Ցանկը հրապարակվել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Ըստ Իրանի ԱԳՆ-ի, պատժամիջոցների ենթարկված անձինք զրկվում են Իրան մուտք գործելու իրավունքից, և եթե նրանք Իրանում ունեն գույք կամ ակտիվներ, ապա դրանք կառգրավվեն:

Թեհրանի կազմած պատժամիջոցներրի ցուցակում են Բրիտանիայի քաղաքացիներ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի խորհրդարանների և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ:

Եվրամիութունը և Մեծ Բրիտանիան նախօրեին պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ՝ հանրային զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներին հալածելու և բռնության ենթարկելու համար:

Իրանի ոստիկանները և ռազմականացված ջոկատները բիրտ գրոհների են ենթարկել նաև անկախ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին:

2022 թվականի սեպտեմբերի 16-ին ոստիկանության բաժանմունքում 22-ամյա Մահսա Ամինիի մահվանը հաջորդած բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է ավելի քան 500 ակտիվիստ, հազարավոր մարդիկ ձերբակալվել են, մի քանիսը դատապարտվել են մահվան:

Իրանի անվտանգության նախարարությունն ավելի վաղ «դավաճաններ», «պետության թշնամիներ» և «օտարի ծառաներ» է անվանել արտերկրում աշխատող իրանցի լրագրողներին:

«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի իրանական ծառայությունը՝ Radio Farda-ն, օրական 24 ժամ տարբեր հարթակներով՝ առցանց, արբանյակով և կարճ ալիքներով անկախ և անաչառ լրատվություն է տրամադրում Իրանի բնակիչներին:

Farda-ի կայքէջն ամենահեղինակավոր և ճանաչված աղբյուրներից է պարսկերեն լեզվով լուրեր և տեղեկատվություն տրամադրող կայքերի շարքում:

«Իրանի ռեժիմի կողմից պատժամիջոցի ենթարկվելը պատվո նշան է: Ես հպարտ եմ Farda-ի լրագրողներով: Ոչինչ չի կարող խոչընդոտել մեր աշխատանքը», - ասել է Ֆլայը Թեհրանի որոշման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG