Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջիկայում շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի որոշման մի նախագիծ, որով խորհրդարանին կառաջարկի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել բարձր դատարան։
«Մենք ողջամիտ ու անկողմնակալ գնահատմամբ ենթադրություն ունենք, որ այո, օրենքի նորմերի համադրմամբ եղել է այդպիսին։ Բայց, մյուս կողմից, չափազանց կարևոր է, որ այս անկողմնակալ գնահատումը քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում», - ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նախագիծը որոշում դարձնելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 65 պատգամավորի քվե, իսկ սա նշանակում է, որ այն առանց իշխանականների ձայների կտապալվի։ Ընդդիմադիր պատգամավոր Մինասյանն ասում է՝ իրենք առաջարկելու են նաև ԱԺ մեծամասնությանը կողմ քվեարկել, որպեսզի բարձր դատարանը ի վերջո պարզի՝ Սեդա Սաֆարյանը կատարե՞լ է այնպիսի արարք, որը հակասում է դատավորի կարգավիճակին։ Ձեռքի տակ եղած փաստերը համադրելով՝ առայժմ ենթադրում են, որ օրենքի խախտում իսկապես կա։
«Այս դեպքն այնքան ակնառու է, որ չափազանց կարևոր է, որ Սահմանադրական դատարանը քննության առարկա դարձնի, ի վերջո եթե անհրաժեշտություն է տեսնում նաև օրենսդրական որոշ մեկնաբանություններ անելու, թող տա այդ մեկնաբանությունները», - հավելեց պատգամավորը:
Խորհրդարանի նախագահին և 3 խմբակցություններին դիմումներ են ուղարկել փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը։ Նրանք շաբաթներ շարունակ պնդում են՝ դեկտեմբերի 16-ից դատավորի լիազորությունները ստանձնած Սաֆարյանը զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ավելի կոնկրետ՝ փաստաբանությամբ։ Նրանք հայտնաբերել էին, որ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց հետո՝ ավելի քան մեկ ամիս, Սաֆարյանը պետռեգիստրում ունեցել է անհատ ձեռներեցի կարգավիճակ, իսկ դա անհամատեղելի է դատավորի գործունեության հետ, ընդգծել էր Սոս Հակոբյանը։
«Սա հենց այն քաղվածքն է ստացված պետական ռեգիստրից, որն ունի ընդհանուր բազային տեղեկատվություն որպես անհատ ձեռնարկատեր Սեդա Սաֆարյան Սերյոժայի տվյալների մասին, որով նա իրականացրել է իր փաստաբանական հատուցելի գործունեությունը օրենքին համապատասխան լինելու համար: Օրինակ՝ հարկ վճարելու, հաշվառվելու, պետական մարմինների հետ հարաբերվելու համար արդեն որպես ոչ թե փաստաբան, այլ որպես ձեռնարկատեր, որպես շահույթ հետապնդող անձ», - ներկայացրել էր փաստաբան Սոս Հակոբյանը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն «Ազատությանը» փոխանցեց միայն՝ փաստաբանների նամակը ստացել են և առաջիկայում այն կքննարկեն ինչպես հեղինակների, այնպես էլ ընդդիմադիր մյուս խմբակցության հետ։ Սեդա Սաֆարյանին դատավոր ընտրած իշխանականները ևս լռում են։
«Մենք առաջարկելու ենք, եթե իշխանությունը հետևողական է իր հայտարարությունների մեջ օրինականության տեսակետից, ուրեմն պետք է միանա», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Գուցե անզգուշություն կամ անփութություն է եղել, Մինասյանը չի բացառում, բայց լավ կլինի՝ հարցը քննվի։ Խորհրդարանում քննարկմանը իրավունքի ունի մասնակցել նաև ինքը՝ դատավորը, որն «Ազատությանը» պարզաբանել էր, թե ինչու է զբաղվել նաև փաստաբանությամբ։
«Դեկտեմբերի 5-ին բերված բողոքը վերադարձվել է պատճառաբանությամբ, որ պակասում է ինչ-որ փաստաթուղթ, դա դրվել է, հետ է ուղարկվել, դա նոր բողոք չի եղել, դա դեկտեմբերի 5-ի բողոք է», - նշել էր Սաֆարյանը:
Սեդա Սաֆարյանը հունվարին է տեղեկացրել է մյուս ութ դատավորներին, որ զբաղվել է փաստաբանությամբ, բայց Սահմանադրական դատարանը չի պարզաբանում՝ ինչ ընթացք է տվել հարցին։ Քննության համար անհրաժեշտ է առնվազն ՍԴ երեք դատավորի դիմում։ Այս դեպքում, սակայն, բարձր դատարանն իր անդամի լիազորությունները դադարեցնելու հարց չի կարող քննել, կարող է բավարարվել նկատողությամբ։ Օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը քննվում է, երբ կա ԱԺ դիմումը։