Մատչելիության հղումներ

«Արի» գրական գործակալությունը շարունակում է իրականացնել ուշագրավ ծրագրեր


Արևիկ Աշխարորյան
Արևիկ Աշխարորյան

«Արի» գրական գործակալությունը հիմնադրվել է 2016 թվականին Արևիկ Աշխարորյանի կողմից։ Հիմնադրման օրից ի վեր գրական այս գործակալությունը միջազգային հրատարակչական դաշտում ներկայացնում է հայ հեղինակներին՝ պայմանագրեր կնքելով արտասահմանյան հրատարակիչների հետ և թարգմանաբար ներկայացնելով հայ հեղինակների ստեղծագործություններն արտերկրում։

«Ազատության» հետ զրույցում գործակալության հիմնադիր ղեկավար Արևիկ Աշխարորյանն ընդգծում էր, որ անցյալ տարի ևս այս ոլորտում ուշագրավ աշխատանք են իրականացրել, որոնք կշարունակվեն նաև այս տարի։ Անցյալ տարի մասնակցել և ներկայացրել են իրենց հրատարակած գրքերը Լոնդոնի, Ֆրանկֆուրտի և Շարժայի գրքի ցուցահանդեսներում, մասնակցել են հրատարակչական կոնֆերանսների, նոր կապեր և նոր համագործակցություններ են հաստատել։

Գործակալության գործունեության արդյունքում, Աշխարորյանի փոխանցմամբ, արտասահմանում հրատարակվել են հայ հեղինակների հետևյալ գործերը. - «Դրանք երկու սերբերեն հրատարակություններ էին՝ Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» և Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը»։ Շատ բաներ կան, որ պայմանագրերը կնքել ենք, սպասում ենք հրատարակման»։

Արևիկ Աշխարորյանը նաև «Արի» գրականության հիմնադրամի տնօրենն է։ Հիմնադրամը հաջողությամբ համագործակցում է «Կոնրադ Ադենաուեր» և «Եվրասիա» հիմնադրամի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ուշագրավ ծրագրեր։ Դրանց անդրադառնալով՝ Աշխարորյանն ասաց, որ անցյալ տարի իրականացրել են 2020 թվականից հետաձգված «Գրենք Հայաստանում» երիտասարդ գրողների համար ստեղծագրության ճամբարը. - «Առցանց արեցինք, քանի որ ծրագիրը հայ-թուրքական էր։ Ու դեռ երկու տարի առաջ էր սա պլանավորվում, մինչև կովիդը, մինչև պատերազմը... Էդ ամեն ինչի պատճառով բավականին հետաձգվեց և արդյունքում առցանց իրականացվեց։ Մի խումբ երիտասարդ գրողներ Հայաստանից, Թուրքիայից երեք ամսվա ընթացքում ամեն շաբաթ օնլայն մասնակցում էին ճամբարին, ինչպես նաև կին գրողներ։ Կին գրողների հետ մենք արեցինք նաև «Զապել» կին գրողների փառատոնի շրջանակներում բազմաթիվ հարցազրույցներ։ Շատ հետաքրքիր փորձառություն էր, նամանավանդ էս լարված ժամանակահատվածում՝ քաղաքական առումով, հայ-թուրքական հարաբերությունների առումով։ Բայց մենք շատ ենք կարևորում այդ երիտասարդ, նոր սերնդի մտածող և փոփոխություններ ուզող սերունցի շփումը։ Էդ առումով մենք շատ գոհ ենք արդյունքներից, որովհետև երիտասարդները մի տեսակ իրար ճանաչեցին, հասկացան, իրար մասին բաներ իմացան, նմանությունները և տարբերությունները տեսան էս երկու ժողովուրդների մեջ։ Մենք վաղուց ենք անում հայ-թուրքական ծրագրեր, սա առաջին անգամը չէր»։

Աշխարորյանը նշեց, որ անցյալ տարի հիմնադրամը ևս մեկ ծրագիր է իրականացրել Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գրողների մասնակցությամբ, բայց արդեն ոչ առցանց. - «Մենք պատերազմի ընթացքում կարողացանք Ուկրաինայից բերել մասնակիցներ, արդեն ֆիզիկապես բերեցինք Հայաստան Ուկրաինայից, Վրաստանից։ Դիլիջանում անում արդեն երկրորդ անգամ։ Էլի նպատակը նույնը՝ հասկանալ մեր հարևան երկրների և մեր հարաբերությունները, երիտասարդները շփվեն իրար հետ, տեսնեն ընդհանրություններն ու տարբերությունները։ Եվ կոտրենք էն կարծրատիպերը, որը մեր մոտ մինչև հիմա կա»։

Այդ միջոցառմանը մասնակցել են միայն գրողներ. - «Երիտասարդ և կայացած գրողներ, դասավանդողներ որպես, եկել էին և' Վրաստանից, և' Ուկրաինայից, և' Հայաստանի կողմից։ Սա էլ է շատ կարևոր, որովհետև, գիտեք, հայ-ուկրաինական հարաբերություններն էլ կասկածի տակ դրվեցին մեր պատերազմից հետո, իրանց պատերազմից հետո... բարդ հարաբերությունները՝ ամեն ինչ կապված քաղաքականության հետ ավելի շատ, քան մարդկային հարաբերությունների։ Նույնը Վրաստանի հետ ունենք մենք էդ խնդիրը։ Բայց պարզվում ա, որ էդ երիտասարդները երբեք չեն ունեցել էդքան շատ առիթներ իրար հետ շփվելու, իրար ճանաչելու, հասկանալու։ Քաղաքականությունը թելադրել ա իրա դիրքորոշումը կապված էս երկրների հետ։ Էս ծրագիրը դրանով ա կարևոր։ Ու էդ ամեն ինչը գրականության միջոցով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG