Խիմկի քաղաքի դատարանը խիստ ռեժիմի գաղութում 8 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանին, ով 2021 թվականի դեկտեմբերի 26-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում ձերբակալվել է մարտական ատրճանակ պահելու համար:
Խաչատուրյանը Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ից և «Շերեմետևո» օդակայանից պետք է մեկներ Երևան: Օդակայանի անվտանգության համակարգի աշխատակիցները նրա մոտ հայտնաբերել են Glok-17 տեսակի ատրճանակ և փամփուշտներ:
Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 226 հոդվածի 1-ին մասով (Զենքի և զինամթերքի մաքսանենգություն) և 222 հոդվածի 1-ին մասով (Պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում, փոխանցում և կրում):
Պաշտպանությունը խնդրել է արդարացնել ամբաստանյալին 222 հոդվածով՝ հանցակազմի բացակայության հանգամանքով, քանի որ ավիաընկերությունը որպես բեռ ընդունել է ատրճանակով պայուսակը:
Ըստ փաստաբանների, Խաչատուրյանը համոզված է եղել, որ ոչ մի օրենք չի խախտում և հատուկ չի թաքցրել զենքը, որը գտնվել է այլ իրերի հետ նրա ուղեբեռում:
Փաստաբան Իգոր Բուշմանովը հայտարարել է, որ ամբաստանյալը զղջում է, որ պաշտոնապես չի ձևակերպել զենքը փոխադրելու փաստաթղթերը: Պաշտպանները պատիժը ոչ համաչափ են համարում և մտադիր են այն բողոքարկել: