«Վագներ» մասնավոր ռազմական կառույցի հիմնադիր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր զինակից, գործարար Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին մեղադրել է «վագներականներին» զինամթերքից զրկելու և կառույցը քայքայելու գործողությունների համար:
«Գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարն արձակում են «Վագներին» զինամթերք և օդային տրանսպորտ չտրամադրելու հրամաններ, արգելել են սակրավորներին բահեր տալ, որ նրանք չկարողանան փորել, դա հավասարազոր է դավաճանության»,- ասել է Պրիգոժինը:
Նա պատերազմի մեկնարկից հետո հանրային մեծ ճանաչում է ստացել, քանի որ «վագներականները» մասնակցում են մարտական գործողություններին և այս օրերին Բախմուտի ռազմաճակատում են:
Պրիգոժինը պատերազմի համար հավաքագրել է նաև տարատեսակ ծանր հանցանքների համար ազատազրկված մեծ թվով բանտարկյալների, ովքեր, ըստ ուկրաինական կողմի, «հիմա հազարներով են զոհվում»:
Պրիգոժինը պարբերաբար քննադատում է ռուսաստանցի բարձրաստիճան զինծառայողներին: Նրա այդ հայտարարությունները նաև ժամանակ առ ժամանակ հավանության են արժանանում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից: