Երեկ ժամը 19:40-ի սահմաններում Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով Պաշտպանության նախարարության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ երկու զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. նրանց վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
«Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:
Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են», - ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։