Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ուկրաինայում շարունակում է հարձակողական գործողությունները


Պատերազմը Ուկրաինայում, արխիվ
Պատերազմը Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայի ինը մարզերից այսօր հաղորդել են, որ ռուսական ուժերի կողմից ենթարկվել են հրթիռակոծման, հրետակոծման և ավիահարվածների։ Հրթիռներ են արձակվել նաև Սև ծովից։ Դոնեցկի, Խարկովի ու Խերսոնի մարզերում ընդհահուր առմամբ 5 մարդ է զոհվել, կան վիրավորներ, ավերածություններ։

Ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական նավատորմը Սև ծովից «Կալիբր» տեսակի հրթիռներ է արձակել Խմելնիցկի քաղաքի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Կիևից 247 կիլոմետր դեպի արևմուտք։ Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ արձակված չորս հրթիռներից երկուսը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են, մյուս երկուսը քաղաքում պայթել են, ինչի հետևանքով հարյուրավոր պատուհաններ են փշրվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնոշենկովն այսօր ասել է, որ Դոնեցկի մարզում ռուսական ուժերը շարունակում են հարձակումը։ Նրա հայտնած տվյալներով՝ տարբեր ուղղությունների մարտական գործողություններում ոչնչացվել է 200-ից ավելի ուկրաինացի զինվոր, մի քանի զինապահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկա։

Պատերազմի պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալների արժանահավատությունն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

XS
SM
MD
LG