Մատչելիության հղումներ

«Առաջին տեղում մոտիվացիոն գրքերն են». կիրակի գիրք նվիրելու օրն է


Լինում է վատ նվեր, լավ նվեր և գիրք։ Վերջին 10 տարիներին արդեն ձևավորված ավանդույթ է դարձել փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ գիրք նվիրել միմյանց։ Այս օրերին գրախանութներում գրքասերները զգուշությամբ իրենց սիրելիների համար թանկ ստեղծագործություններ են ընտրում։

«Նվեր եմ տալու, Ստենդալի «Կարմիրը և սևը», - ասում է գնորդներից մեկը, մյուսը՝ հավելում. «Ինչ էլ նվիրեն, ես գիրք սիրում եմ»:

Գրքի խորհրդատուներ Անժելա Գրիգորյանը և Արաքսյա Մովսիսյանը պատմում են՝ մոտիվացիոն գրքերը դեռ առաջին տեղում են, բայց չի մարել հետաքրքրությունը դասական ստեղծագործությունների նկատմամբ. «Շատ տարբեր գրքեր ենք վաճառում՝ սիրային, քաղաքական, մոտիվացիոն, մանկական, ու բոլորով էլ հետաքրքրվում են կամ գալիս, ասում են՝ նվեր ենք առնում այս տարիքի, այս սեռի, այս առիթի համար, ու մենք արդեն համապատասխանաբար խորհուրդ ենք տալիս»:

Առանձին տեղ ունեն նաև հայ ժամանակակից գրողները. «Խանջյան, Աֆյան, Խեչոյան: Լավ գրքեր են երեխեքը կարդում, առաջվա միայն դետեկտիվ չի, կամ սիրայինը չի, հակառակը՝ սիրային, թեթև բաներն այդքան շատ չեն հարցնում: Որակով գրքեր են կարդում, սկսել են հասկանալ գրականությունը և ընթերցանության անհրաժեշտությունը»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը վստահ է՝ եթե գրահրատարակիչներն այդքան լավ չաշխատեին, գրքերը կշարունակեին փոշի հավաքել գրապահարաններում։

«Հրատարակիչներ և շատ կարևոր մարդիկ կարողացան այնպես անել, որ փետրվարի 19-ն իսկապես դառնա տոնական օր: Չկար նվիրելու բան, իսկ ահա վերջին տասը տարիներին հայաստանյան հրատարակչություններն այնպես են աշխատել և թարգմանական, ժամանակակից գրողների մոտիվացիոն, մանկական ամենատարբեր գրքերի տեսականին այսօր այնքան շատ է, և ամենակարևորը այնքան բարձր որակով են տպագրված, նվերի գիրք են նաև», - ասում է նա:

Մեծ ծավալով գրքեր, 32 լեզվից թարգմանվեցին վերջին տարիներին։ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրը լավ լուր ունի՝ նոր շարք են սկսում՝ Նոբելյանից 5 պակաս. սրանք այն ստեղծագործություններն են, որոնց հեղինակներն այդպես էլ վերջին վայրկյանին մնացին առանց Նոբելյան մրցանակի։ Տպարանում է ճապոնացի Միշիմայի «Ոսկե Տաճարը»։

«Նախ գաղտնազերծվել են նոբելյան հանձնախմբի փաստաթղթեր 50 տարվա, և այնտեղ պարզ են դառնում հեղինակներ, որ քանի անգամ են հայտնվել եզրափակիչում, որ իսկապես ստանալուն հինգ պակաս են: Մենք ընտրել ենք այն հեղինակներին, որոնք հինգ, վեց, յոթ, ինը, երկու, երեք անգամ առաջադրվել են, շատ մոտ են եղել Նոբելյան ստանալուն և չեն ստացել», - հավելեց նա:

Մանկական գրքերն ասյօր ևս լավագույն վաճառվող ստեղծագործութոյններն են։ Պատահական չէ, որ գրքի տոնի միջոցառումների մեծ մասը հենց երեխաներին է նվիրված. այսօր հեքիաթ և՛ լսեցին, և՛ պատմեցին։

Իր մանկության հուշերով երեխաների հետ կիսվեց նաև ԱԺ նախագահ Ալն Սիմոնյանը. «Գիրքն իմ կյանքում ամենամեծ դերն է խաղացել: Ես, անկեղծ ասած, ձեր տարիքում բավականին ծույլիկ էի և գիրք կարդալ չէի սիրում», - ասաց նա:

Այսօր արդեն Ազգային ժողովի խոսնակն իր սիրելի գրքերն էր երեխաներին բաժանում ուղեկցող խորհուրդներով։

Գրքերը մինչև փետրվարի 19-ը գրախանութներում զեղչով են վաճառվում։ «Ազատության» զրուցակիցներից շատերն էին խոստովանում՝ սա լավ առիթ է իրականությունից մի քիչ կտրվելու ու մի քիչ էլ գրքերի հերոսների խնդիրներով ապրելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG