Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքը փակած «ցուցարարների պահանջները դեռ չեն բավարարվել». Բայրամովը՝ ԱՄՆ պաշտոնյային


ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Սա պաշտոնյաների երկրորդ հեռախոսազրույցն է վերջին շաբաթվա ընթացքում։

Բայրամովը նշել է, որ «եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորվում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով», սակայն ըստ նրա՝ Հայաստանը այդ ճանապարհը օգտագործել է ոչ հումանիտար նպատակներով։

Նա հայտարարել է, որ արդեն շուրջ երկու ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակած «ցուցարարների պահանջները դեռ չեն բավարարվել»։

Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։ Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։

Հեռախոսազրույցի ընթացքում, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարարն անհիմն է համարել տարածաշրջանում «լարված հումանիտար» իրավիճակի մասին պնդումները։

Շաբաթավերջին ամերիկացի դիվանագետի հետ հեռախոսազրույցում Բայրամովը կրկին «կարևորել էր Լաչինի ճանապարհին բողոքի ակցիա անցկացնողների օրինական պահանջների կատարումը» և պնդել, թե Լեռնային Ղարաբաղի բլոկադայի և հումանիտար ճգնաժամի ապացույցներ չկան։

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն երկու ամսից ավելի: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ օրերս հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը վերահաստատել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG