Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը, առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին:
«Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը», - ասված է հաղորդագրությունում:
Հունվարի 12-ից ի վեր Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։ Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։