Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանում շրջանառվում է սովետական տոները չեղարկելու օրինագիծը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով պետք է չեղյալ հայտարարվեն մարտի 8-ի, մայիսի 1-ի և մայիսի 9-ի տոները:

Օրինագիծը հեղինակել են տարբեր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա փոխարեն փետրվարի 25-ին՝ բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի ծննդյան օրը, նշել Ուկրաինուհու օրը, իսկ մարտի 9-ին նշել բանաստեղծ Տարաս Շևչենկոյի ծննդյան օրը:

Առաջարկվում է նաև չեղարկել մայիսի 1-ի Աշխատավորների օրը և մայիսի 9-ի Հաղթանակի օրը: Փոխարենը, օրինագծի հեղինակների համոզմամբ, պետք է մայիսի 8-ը սահմանել որպես Հիշատակի և հաշտության օր, իսկ մայիսի երկրորդ կիրակին դարձնել Մոր օր:

Ուկրաինայում ռուսների հարձակումից հետո փոխել են Խորհրդային Միության և Ռուսաստանի հետ առնչություն ունեցող հարյուրավոր բնակավայրերի, փողոցների, այգիների անունները և ապամոնտաժել են մեծ թվով արձաններ ու հուշատախտակներ:

Բացատրական գրության մեջ օրինագծի հեղինակները նշել են, որ «տնտեսական կորուստներից խուսափելու համար պետք է վերացնել կոմունիստական մնացուկները»:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է Ուկրաինայի խորհրդարանը լիագումար նիստում քննարկելու այդ օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG