Գազամատակարարման բացակայության և ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում, այսօր Արցախի Օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտարարել է «Արցախէներգո» ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:
Պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած շտաբի նիստում ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:
Նիստում անդրադարձել են նաև Արցախ հասած բարեգործական որոշ բեռների բաշխման աշխատանքներին, ինչպես նաև գների վերահսկողության խնդրին:
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 65 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց էկոակտիվիստ անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով: