Մատչելիության հղումներ

Ալիև․ «Պատերազմի ընթացքում Հայաստանը փորձում էր ոչնչացնել Մինգեչաուրի ՀԷԿ-ը»


Ադրբեջան - 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանը պնդում էր, որ այս հրթիռը Մինգեչաուրի ՀԷԿ-ի ուղղությամբ արձակվել է հայկական կողմից, սակայն չի պայթել
Ադրբեջան - 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանը պնդում էր, որ այս հրթիռը Մինգեչաուրի ՀԷԿ-ի ուղղությամբ արձակվել է հայկական կողմից, սակայն չի պայթել

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանը փորձում էր ոչնչացնել Մինգեչաուրի ՀԷԿ-ը», - այսօր այդ քաղաք այցելության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ռազմի դաշտում պարտվող Հայաստանը փորձում էր շարքից հանել Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ներուժի գլխավոր կենտրոնը՝ հեռահար հրթիռներ արձակելով Մինգեչաուրի ՀԷԿ-ի ուղղությամբ։ Այդ հրթիռներից շատերը ոչնչացվեցին ՀՕՊ ուժերի կողմից, որոշ հրթիռներ էլ պարզապես չկարողացան խոցել թիրախը», - հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ հենց 2020 թվականին պարզ դարձավ այն կարևոր դերակատարությունը, որ երկրի էներգետիկ համակարգում ունի Մինգեչաուրի էլեկտրակայանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, ժամանակին հերքել էր Մինգեչաուրի, Խըզըի և Ապշերոնի թիրախավորման մասին Բաքվի պնդումները:

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը հնչել է այսօր՝ Մինգեչաուրում նոր ջերմաէլեկտրակայանի շինարարության մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ։

Ադրբեջանի կառավարության հավաստմամբ՝ Մինգեչաուրում կառուցվող ՋԷԿ-ը ամենահզորն է լինելու 1991 թվականից ի վեր երկրի տարածքում կառուցված բոլոր էլեկտրակայանների շարքում։

«1300 մեգավատտ հզորություն ունեցող ՋԷԿ-ը հնարավորություն կտա տարեկան շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ տնտեսել», - այսօր հայտարարել է Ալիևը։

XS
SM
MD
LG