Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակ, կրակոցներ Երևանի Հանրապետության հրապարակում


Արտապատկերում սոցցանցերում haydalek (Ռաֆո) օգտատիրոջ հրապարակած տեսանյութերից
Արտապատկերում սոցցանցերում haydalek (Ռաֆո) օգտատիրոջ հրապարակած տեսանյութերից

Ոստիկանությունն առայժմ չի հաղորդում՝ ձերբակալվա՞ծ է «Համեր»-ի վարորդը, թե՞՝ ոչ:

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Երևանի Հանրապետության հրապարակում փորձում կանգնեցնել արծաթագույն ամենագնացի վարորդին:

Ավտոմեքենան նախ Կառավարության շենքի մայթեզր բարձրացավ, հետո թեքվեց դեպի Արտգործնախարարության նախկին շենք: Այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցներին չէր հաջողվում կանգնեցել մեքենան, կադրում կրակոցների ձայներ էին լսվում:

Նույն օգտատիրոջ տարածած հաջորդ տեսանյութում ոստիկաններն արդեն կանգնեցրել են մեքենան:

Կեսգիշերից քիչ անց Ոստիկանության լրատվական վարչությունից «Ազատությանը» տրամադրեցին հետևյալ հաղորդագրությունը.

«Փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Թեև տեսանյութում երևում է, որ ոստիկաններին հաջողվել է ավտոմեքենան կանգեցնել, բայց վարորդի փախուստի վերաբերյալ լուրը Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում, չի հաղորդում նաև՝ ձերբակալվա՞ծ է նա արդյոք, թե՞՝ ոչ:

Հնարավոր տուժածների մասին տեղեկատվություն նույնպես դեռևս չի հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG