Մատչելիության հղումներ

«Փոքր քայլերով, կարծում եմ, մեծ նպատակների կհասնենք». Վահան Բադալյան


Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյան
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյան

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային հաստատություններից մեկն է, որն անընդհատ մեր արվեստասերների համար նորանոր ցուցահանդեսներ է բացում, բեմադրում շատ հետաքրքիր ներկայացումներ, իրականացնում կրթական և բազմաթիվ այլ կարևոր ծրագրեր։

Այս տարի ևս, ինչպես «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացում շեշտում էր կենտրոնի տնօրեն, անվանի ռեժիսոր Վահան Բադալյանը, շատ ուշագրավ ծրագրեր են նախապատրաստվում իրականացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում գործող իրենց մասնաճյուղերում. - «Ինչպես և անցյալ տարին, 2023 թվականն էլ պլանավորում ենք բուռն մշակութային կյանքով ապահովել և' ցուցադրումների տեսանկյունից, և' մեր թատրոնների ներկայացումների, և' կրթական ծրագրերի հետ կապված։ Երկու տարի առաջ Էրեբունիի թանգարանի հետ համագործակցությամբ մի նախագիծ սկսեցինք, որը կոչվում էր «Ինքնաճանաչում. Էրեբունի», որը այս տարի համահայկական ֆորմատով ենք անցկացնում։ Մարտի 5-ին՝ Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրը, կբացվի այդ ցուցահանդեսը, որին մասնակցել են աշխարհասփյուռ հայ մանուկներ համարյա թե բոլոր երկրներից, շուրջ երեք հարյուր աշխատանք ենք ցուցադրելու։ Թանգարանի վերանորոգման աշխատանքներ ենք ակնկալում սկսել, Սայաթ-Նովայի կողմից ազատվել են բոլոր խանութները, և վերջապես այդ բոլոր տարածքները վերադառնում են մեր մանկական կենտրոնին։ Դա իսկապես մեծ ձեռքբերում է։ Այս տարվա ընթացքում, հուսով եմ, ինչ որ մտածել եմ, կկարողանանք անել։ Ներկայացումներ են սպասվում։ Այս տարին Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հոբելյանական տարի է, և մտածում եմ, որ Կենտրոնով մի նախագիծ պիտի անենք՝ և' նկարչական, և' բեմադրական։ Անցյալ տարի մեր պարի դպրոցը վերանորոգեցինք, և այնտեղ ժամանակակից և ազգային, ազգագրական պարեր ենք շարունակում ուսուցանել։ Փոքր թատրոնը նույնպես նախապատրաստվում է պրեմիերաների, ներառական նախագծերի»։

Կենտրոնի կարևորագույն նպատակներից է հատկապես մանուկներին, պատանիներին ընդգրկելով արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտներ՝ լուսավոր տեսլական բացել նոր սերնդի համար որպես հանրության լիարժեք քաղաքացիներ՝ նոր մտածողությամբ, պայծառ հայացով և լավատեսությամբ օժտված, ինչը հատկապես կարևոր է մեր ժամանակներում, համոզված է Վահան Բադալյանը. - «Երևի թե ամենակարևորը այս ծանր ժամանակաշրջանում արվեստի միջոցով մեր սիրելու ունակությունը պահպանելն է, ու երեխաների մեջ նաև շարունակել դա սերմանել, որ մեզ շրջապատող այս արհավիրքները, հոգեբանական ճնշված վիճակը ազդեցություն չունենա։ Որովհետև մենք երբեմն մոռանում ենք երեխաների հոգեկան առողջության մասին, մեր ուսերին դրված բեռը նաև փոխանցում իրենց։ Իսկ զուտ կրթական իմաստով, գեղագիտական ճաշակի բարձրացումն է շատ կարևոր ինձ համար։ Եվ ես այդ նշաձողը դրել եմ ու փորձում եմ, որ անպայման բոլորը սկսեն բարձրանալ և է'լ ավելի զարգացնել դա երեխաների մեջ։ Ցավոք սրտի, էլի մեզ շրջապատող իրականությունը դեռ ավելի ցածր մակարդակի արժեքների մեջ է, և պիտի փորձենք մաքսիմալ վերև բարձրանալ, բարձրացնել ճաշակը երեխաների։ Ներառականության գաղափարն է շատ ինձ համար կարևոր։ Տարիներ ի վեր հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ ենք նաև աշխատում թատրոնում, բայց հիմա նաև ամբողջ կենտրոնի մասշտաբով փորձում ենք խրախուսել մեր նկարչության ուսուցիչներին, պարի ուսուցիչներին, որ ավելի համարձակ լինեն և հաշմանդամություն ունեցող և' մեծահասակների, և' երեխաների հետ աշխատեն»։

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մեծ ստորաբաժանումները գործում են Գորիսում, Գյումրիիում, Վանաձորում, Մեղրիիում, Սևանում։

Անցյալ տարի Վահան Բադալյանի նախաձեռնությամբ Բերդ և Դիլիջան քաղաքներում ևս բացվել են կենտրոնի տարբեր արվեստանոցներից բաղկացած մասնաճյուղերը. - «Եվ այդ տենդենցը շարունակում ենք։ Կարող եմ ասել, որ մեր ստորաբաժանումները իսկապես արվեստի օջախներ են մարզերում, ու այնտեղ ապրող երեխաների մեծ մասը հենց մեր կենտրոնի ծառայություններից են օգտվում։ Ընդ որում՝ անվճար հիմունքներով, մեր ամբողջ կենտրոնում 1700-ի սահմաններում անվճար երեխաներ են։ Փորձում ենք մաքսիմալ բոլոր ծրագրերը, որոնք անում ենք, իրենք անպայման ներգրավված լինեն։ Օրինակ, անցյալ տարի մեծ համագործակցություն ենք սկսել Շվեյցարիայի «Կրեավիվա» թանգարանի հետ, և իրենց մասնագետներից մեկը երել էր Հայաստան։ Ես առաջին բանը, որ խնդրեցի իրենց, այն էր, որ վարպետության դասերը անենք մարզերում։ Եվ Գորիսում ու Վանաձորում արեցինք ամռան ընթացքում։ Ֆանտաստիկ արդյունքներ ունեցանք։ Այսինքն՝ փորձում ենք ոչ միայն տեղի ուժերով շարունակել այդ արվեստային կրթությունը, այլև միջազգային էքսպերտների ներգրավել, տանել այնտեղ։ Իրենց համար էլ է նոր բացահայտումներ, որ Հայաստանում Երևանից դուրս նման տաղանդավոր երեխաներ ունենք և առհասարակ արվեստը գնահատված է, սպառողների մեծ քանակ կա։ Կարող եմ ասել, որ մարզերում երեխաները շատ ավելի մեծ նվիրվածությամբ են մեր դասերին գալիս։ Դա այն փոքրիկ պատուհանն է դեպի մեծ աշխարհ երեխաների համար, որ փոքր տարիքից եթե իրենք այդ դուռը բացում են, հետո այդ երազանքներից էլ չեն հրաժարվում։ Փորձում են շարունակել, գալ, սովորել։ Փոքր քայլերով, կարծում եմ, մեծ նպատակների կհասնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG