Մատչելիության հղումներ

Արսենյանի հայտարարությունները պետք է էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնան. ընդդիմադիր պատգամավոր


«Հայաստան» խմբակցությանը պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ
«Հայաստան» խմբակցությանը պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի վարքագիծը քննարկելու համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարեց պատգամավորներից Լիլիթ Գալստյանը։

«Ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ», - հայտարարեց Գալստյանը:

Էթիկայի հանձնաժողով ստեղծելու կոչ երեկ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն էին արել։ Դատապարտել էին Արսենյանի վերջերս արած հայտարարությունը, կարծիք հայտնել՝ նրա արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին: Գուրգեն Արսենյանի համար պարզ չէր՝ իր ո՞ր հայտարարությանն են Արցախից այդպես կոշտ արձագանքել։

«Թուրք-ադրբեջանական այդ տանդեմի ջրաղացի մասնագետները մի հատ բացատրեն էլի՝ ո՞րն է ջրազացը, ի՞նչ ջրաղաց է, ի՞նչ ջուր է լցվում, ինչքա՞ն է ջրաղացի հզորությունը, ո՞նց է ջրաղացը աշխատում, իրենք մասնագետ են: Ես դրամ մասնագետը չեմ, ես Հայաստանի պետական շահի պաշտպանության մասնագետ եմ», - նշեց Արսենյանը:

Դավիթ Գալստյանն ասաց՝ ընդդիմադիրների հրավիրած վերջին լսումներին Արսենյանի այն հայտարարությունն են դատապարտել, որով, ըստ արցախցի պատգամավորի, կեղծ ընտրություն է առաջարկում՝ արդյոք արժե 120 հազար արցախցու համար ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:

«Անընդհատ 120 հազար ղարաբաղի բնակիչներ, 3 միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար», - ասել է Արսենյանը:

ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ չեն պատրաստվում հարցը Էթիկայի հանձնաժողովում քննարկել, էթիկայի խախտում չեն տեսնում. - Ընկալումը ճիշտ չի և կարծում եմ՝ այդ թեմայի մասին խոսելը տեղին չէ: Արսենյանը Հայաստանի Հանրապետության պատգամավոր է, չէ՞, ես ճի՞շտ եմ հիշում, ես էլ նույնպես, չէ՞, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, չէ՞, կառավարության ծրագիրը հաստատում, որով էդ նույն բյուջեով Արցախ գնում են կոմունալ վճարումները, աշխատավարձերը, բոլոր հնարավոր օգնությունները»:

Ինքը՝ Գուրգեն Արսենյանը չի հերքում, որ այդ լսումների ընթացքում իրեն հունից հանել են իշխանափոխության մասին հայտարարությունները։ Ինչ վերաբերում է 120 հազար արցախցու ու 3 միլիոն հայաստանցու մասին նրա հայտարարությանը, դրա համար չի ափսոսում։ Չնայած արձագանքը բավականին բուռն էր, քննադատությունն էլ՝ ուժգին, պնդեց՝ որևէ գործընկեր իրեն դրա համար չի քննադատել։

Ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումներին Գուրգեն Արսենյանի ելույթն, ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիրը» նաև խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում էր դրել:

«3 միլիոն բնակիչ ունի Հայաստանը, շարունակում եմ պնդել, որ իմ համար առաջնային է Հայաստանի պետական շահերի սպասարկումը: Արցախի 120 հազար ժողովուրդը, որը շրջափակված է, մտնում է Հայաստանի պետական շահերի կոմպլեքսի մեջ», - ասաց Արսենյանը՝ շարունակելով, - «ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ նախադասությունը կամ որ արտահայտությունը ինչին էր ուղղված»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը անընդունելի է համարում Արսենյանի հայտարարությունը. «Քրեստոմատիկ նախկիններն են, Գուրգեն Արսենյանը, նայեք, Հանրապետական կուսակցությունում է եղել, հետո ՄԱԿ է եղել, հետո «Ծառուկյան դաշինքով» է եղել պատգամավոր, հիմա ՔՊ կուսակցության ցանկով է պատգամավոր: Տարբեր կուռքեր պաշտելով տարբեր մարդիկ մնացել են միշտ մակերևույթի վրա»։

Խաչատրյանը համոզված է՝ Հայաստանի շահերին հակասող Արսենյանի հայտարարությունները պետք է էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնան։ Այդ հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ։ Դրա համար անհրաժեշտ է ձայների մեծամասնություն, եթե քվեարկությանը մասնակցեն պատգամավորների կեսից ավելին։ Հանձնաժողովի ձևավորումը մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքում է, իսկ նրանք արդեն հայտարարում են, որ մտադիր չեն Արսենյանի հարցը հասցնել Էթիկայի հանձնաժողով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG