«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» կենտրոնը (OCCRP) մի շարք այլ կառույցների հետ համատեղ հետաքննությամբ պարզել է, որ Ռուսաստանը եվրոպացի պաշտոնյաներին կաշառել է Ղրիմի և միջազգային պատժամիջոցների հարցում Ռուսաստանի համար բարենպաստ օրինագծեր ներկայացնելու դիմաց:
Հետաքննությանը մասնակցել են «Կարևոր պատմություններ» առցանց ռուսական պարբերականը, Eesti Ekspress էստոնական պարբերականը, OCCRP-ն, Հետաքննական լրագրության իտալական կենտրոնը (IRPI) և Profil կայքը:
Ըստ փետրվարի 3-ին հրապարակված զեկույցի, Պետական դումայի աշխատակազմի պաշտոնյա Սարգիս Միրզախանյանը համակարգել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու աշխատանքը: Եվրոպացի օրենսդիրները կարող էին մինչև 20 հազար եվրո ստանալ Ռուսաստանի շահերն ապահովելու համար:
Հետաքննողները տեղեկությունները ստացել են այդ եվրոպացի քաղաքական գործիչների հետ կապերը համակարգող Միրզախանյանի էլեկտրոնային փոստից արտահոսքի եղանակով ստացված փաստաթղթերից:
Միրզախանյանը ռուսական և ուկրաինական մամուլում պատվիրել է Մոսկվայի համար բարենպաստ հոդվածներ, վարձել է բլոգերներ, կազմակերպել է ռուսամետ հանրահավաքներ և կապեր է հաստատել Եվրոպայի մի շարք երկրների քաղաքական գործիչների հետ: Դա արվել է ռուսամետ օրակարգը եվրոպական պետություններում առաջ տանելու նպատակով:
Առավել մանրամասն տես այստեղ.