The Economist Intelligence Unit վերլուծական խմբի կազմած Դեմոկրատիայի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը ճանաչվել է «հիբրիդային երկիր» և զբաղեցրել է աշխարհում 82-րդ տեղը: Հայաստանն առաջ է 90-րդ տեղը գրաված Վրաստանից և 103-րդ տեղը գրաված Թուրքիայից: Մնացած հարևանների մոտ հաստատված է «ավտորիտար ռեժիմ»: Ադրբեջանը 134-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 146-րդ և Իրանը՝ 154-րդ:
Դեմոկրատիայի ցուցիչը կազմած վերլուծաբանները սահմանել են չորս կատեգորիա՝ «ամբողղջական դեմոկրատիա», «թերի դեմոկրատիա», «հիբրիդային երկիր» և «ավտորիրատ ռեժիմ»: Զեկույցում ընդգրկված են 165 անկախ պետություններ և երկու տարածքներ:
Ըստ 2022 թվականի զեկույցի, մոլորակի բնակչության գրեթե կեսը՝ 45.3 տոկոսն ապրում է «այս կամ այն չափով դեմոկրատական երկրներում»: Միայն 8 տոկոսն է բնակվում «լիակատար դեմոկրատիա» ճանաչված երկրներում: Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդն ապրում է «ավտորիտար ռեժիմների» օրոք, նրանց մեծ մասը Չինաստանում և Ռուսաստանում:
Ցուցիչը կազմվում է մի քանի գործոնների համադրոթյամբ, դրանք են «Փոփոխություն նախորդ տավա համեմատությամբ», «ընտրական գործընթաց և բազմակարծություն», «Կառավարության գործունեություն», «Քաղաքական մասնակցություն», «Քաղաքական մշակույթ» և «Քաղաքացիական ազատություններ»:
2022 թվականի ցուցիչով Հայաստանն ունի 5.63 հավաքական միավոր և ընդհանուր ցուցակում 82-րդ տեղում է:
2021 թվականի համեմատությամբ դիրքը բարելավվել է 7 տեղով (2021-ին Հայաստւանն 89-րդ էր):
Ընտրական գործընթացի և բազմակարծության համար Հայաստանը ստացել է 7.92 միավոր:
Կառավարության գործունեությունը գնահատվել է 5.71 միավորով: Քաղաքական մասնակցությունը՝ 6.11: Քաղաքական մշակույթը՝ 3.13: Քաղաքացիական ազատությունները՝ 5. 29:
Առավել ազատ և դեմոկրատական պետությունների առաջին հնգյակում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան, Շվեդիան և Ֆինլանդիան:
Ավտորիտար ռեժիմների ստորին հնգյակում են Սիրիան, Կենտրոնաֆրիկյան հանրապետությունը, Հյուսիսային Կորեան, Մյանման և Աֆղանստանը: