Այսօրվանից ռուսական ընկերություններին արգելվել է նավթ վաճառել, եթե պայմանագրի տեքստը պարունակում է Մեծ յոթնյակի (G7) երկրների սահմանած առավելագույն գնի պայման:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի վերջին:
Մեծ յոթնյակի կողմից առավելագույն գին է սահմանվել նավթի համար 60 դոլարը մեկ բարելի դիմաց, նավթամթերքի համար սահմանաչափը դեռ որոշված չէ։ Սպասվում է, որ համապատասխան շեմը կսահմանվի մինչև փետրվարի 5-ը, երբ ուժի մեջ կմտնի Եվրամիության երկրների կողմից ռուսական նավթամթերքի ներմուծման էմբարգոն։ Գնային շեմը նպատակ ունի սահմանափակել վառելիքի արտահանումից Ռուսաստանի եկամուտը։
Ռուսաստանի նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը: Արգելքը վերաբերում է վերջնական գնորդին մատակարարման բոլոր փուլերում: Ընդ որում, Պուտինը կարող է բացառություններ անել այս արգելքից՝ հատուկ որոշման հիման վրա։