Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի մարմի՞նն են ադրբեջանցիներն ուրբաթ օրը փոխանցել հայկական կողմին։ Առայժմ պարզ չէ, գենետիկ փորձաքննություն է նշանակվել։
«Հենց նոր Հերացիից եմ գալիս, անալիզի պատասխաններին եմ սպասում, 2-3 օրից պարզ կլինի», - ասաց Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը:
Արամ Թորոսյանը որդու տեղը գիտեր սեպտեմբերյան մարտերից անմիջապես հետո։ Ծառայակիցն է պատմել, որ Վահեն վիրավոր մնացել է Ներքին Հանդի ձորակում: Այդ պահից սկսած ընտանիքը տարբեր դռներ էր թակում՝ տղային դուրս բերելու համար:
«Էրեխեն զանգել ա ամսի 15-ին, իրա ընկերոջը բացատրել ա, որ «ես յաչեյկից աջ եմ իջել», տղերքը ջոկել են, որ ճիշտ ա գալիս էրեխեն, ընդեղից կպել ա Սրաշենի անտենային հեռախոսահամարը, որ իրոք էդ ձորակում ա, ու ոչ մի քայլ չի ձեռնարկվում», - պատմեց նա:
Հայրը վստահ է, որ այժմ՝ մարտերից շուրջ 5 ամիս անց ադրբեջանական կողմը հենց իր որդու մարմինն է դուրս բերել ձորակից, տարածքը մարտերի ընթացքում Ադրբեջանի հսկողության տակ էր անցել և թույլ չէին տալիս, որպեսզի հայկական կողմը որոնողական աշխատանք կատարի:
Վահեն 9 ամսվա զինծառայող էր, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, վիրավորում է ստացել հաջորդ օրը՝ գլուխը, ոտքը, ձեռքը: Այդպես մնացել ձորակում։ Մարմինն այժմ անճանաչելի է, տղան դաջվածք ունի՝ բայց նույնականացում հնարավոր է միայն գենետիկական փորձաքննությամբ։
Նախորդ տարվա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ հարձակումից հետո անհետ կորած է համարվում ևս երկու զինծառայող:
«Ես խնդրում եմ բոլորին, ով կարա ինձ օգնի, ով կարա Շիրազի մարմինը դուրս հանի Կուտականի դիրքերից, աղաչում եմ, մենակ թե մեզ օգնեք: Իմ միակ ցանկությունն էն ա, որ Շիրազին գտնեն», - ասաց Շիրազ Խաչատրյանի կինը՝ Մարիամ Ղարագյոզյան:
Շիրազ Խաչատրյանի մարմինը մնացել է Կուտականի միջդիրքային հատվածում, կինը՝ Մարիամ Ղարագյոզյանն ասում է՝ պայմանագրային ամուսնու մարմինը դուրս բերելու աղաչանքով ում ասես չի դիմել, հարցը վարչապետին էլ հասավ վերջին ասուլիսի ժամանակ:
«Հարցը հնչեց, ես ավելի կկոնկրետացնեմ, համոզված եմ նաև մեր մարմինները կկապվեն», - նշել է վարչապետը:
Զինծառայողի կինն ասում է՝ իրենց հետո ոչ ոք կապ չի հաստատել, Փաշինյանի խոստմանը ոչինչ չի հետևել. «Զորամասից էլ եմ հարցրել, ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը խոսացել ա, դրանից հետո զանգե՞լ են ձեզ, որ տեղը իմանան, հանեն կամ մի բան, ասել են՝ «չէ, մեր հետ ոչ մեկ չի կապվել»:
Երկու փոքրիկների մայրը չգիտի՝ ինչպես իրեն մոտեցնի ձյան տակ մնացած ամուսնու մարմինը. «5 ամիս ա արդեն ինքը ընդեղ ա, ես ամեն օր նայում եմ էդ սարին ու իմ համար շատ դժվար ա»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից ասում են՝ սեպտեմբերյան մարտերից հետո կազմակերպությունը որոնողական աշխատանքում ներգրավված չի եղել: Ծնողներն էլ գիտեն՝ որոնողական աշխատանք պարզապես չի եղել, Բաքուն թույլ չի տվել:
Ժամկետային զինծառայող Թոռնիկ Սարգսյանի մարմինն էլ Վերին Շորժայի՝ դարձյալ Ադրբեջանին անցած տարածքում է մնացել։ 120-րդ դիրքի 9 ծառայողներից միայն ինքը չկա:
«Զոհված ա, բա ո՞ւր ա, չկա, չգիտեմ, ինչ ա եղել, որ զոհված ա, ո՞ւր ա դիակը», - ասաց Թոռնիկ Սարգսյանի մայրը՝ Աննա Մինասյանը:
Ծնողներն ասում են՝ զորամասից վերցրել են անօդաչու սարքի նկարահանումը, գիտեն թե որտեղ է իրենց 19-ամյա որդու մարմինը, չգիտեն, թե ինչպես գոնե մի մասունք զինվորի հայրենի տուն հասցնեն: Պետական որ կառույցին դիմում են՝ պատասխանը նույնն է՝ Բաքվի հետ բանակցում են։ Ոչ մի բան էլ դեռ հայտնի չէ, այսօր ասաց զինծառայողի հայրը. սպասում են արդեն140 օր։