Արդյո՞ք անջատական տարածքները կապրեն Մոսկվայի ժամանակով
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունն այսօր հայտարարել է, թե Դաշնության նոր սուբյեկտներում՝ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հետայսու Մոսկվայի ժամանակն է սահմանվում:
Այդ վարչական որոշումն ունի նաև խորհրդանշական բաղադրիչ, թե՝ «տեսեք, ևս մեկ քայլ Ռուսաստանի կազմում դրանց տեղն ամրապնդելու համար»: Բայց Խերսոնից ռուսները հեռացել են, իսկ մնացած երեք սուբյեկտներում արյունալի մարտեր են:
Վերջին շաբաթներին ավելի ակտիվ են ռուսները, նրանք մեծ կորուստների հաշվին գրավել են Սոլեդարը, փորձում են հսկողության տակ առնել Բախմուտը և պնդում են, թե առանձին ջոկատներ արդեն մտել են Ուգլեդար:
Նրանք դեռ պետք է փորձեն ճեղքել Սլավյանսկից ու Կրամատորսկից հարավ ուկրաինացիների ստեղծած պաշտպանական հզոր գիծը:
Հարվածներ էներգետիկայի և տրանսպորտի համակարգերին
Ռուսները շարունակում են օդային գրոհները, պնդելով, որ թիրախն էներգետիկան է: Երեկվա հարվածների մասին զեկուցել է պաշտպանության նախարարության խոսնակը:
«Հունվարի 26-ին Ռուսաստանի զինված ուժերը ծովային և օդային տեղակայման ճշգրիտ հեռահար հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցրել էներգետիկ հիմնարկներին, որոնք սպասարկում են ուկրաինական ռազմարդյունաբերության համալիրի գործարանները և տրանսպորտը: Բոլոր թիրախները ոչնչացվել են», - ասել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Այս գրոհների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչների զոհվելու մասին խոսնակը լռել է: Ուկրաինան զենք է խնդրում ռուսների գրոհները զսպելու համար:
Արևմուտքը զենքով ու սպառազենով օգնում է Կիևին
«Մեր քաղաքների վրա ահաբեկիչների արձակած յուրաքանչյուր հրթիռ ու յուրաքանչյուր իրանական անօդաչու՝ ամենահամոզիչ փաստարկն է առ այն, թե ինչու մենք զենքի կարիք ունենք: Միայն զենքն է չեզոքացնում ահաբեկիչներին»,- ասել է Զելենսկին:
Կիևի կոչերն անպատասխան չեն մնում: Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները՝ մեկը մյուսի հետևից, ընդունում են Ուկրաինա ծանր տեխնիկա՝ հրասայլեր և զրահամեքենաներ ուղարկելու որոշումներ:
Մինչև այս եռամսյակի ավարտ Ուկրաինան կստանա «Լեոպարդ» տեսակի գերմանական հրասայլեր: Բեռլինը վերապահումներ ուներ, բայց ի վերջո տվեց իր համաձայնությունը: Ուկրաինա կհասնեն նաև ամերիկյան «Աբրամսները», հիմա էլ քննարկվում է մարտական օդանավերի հարցը:
Մոսկվայում ասում են, թե ծանր տեխնիկա տալով Կիևին, Արևմուտքը, փաստորեն, հակամարտության կողմ է դառնում:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հեռանկար հիմա չկա
Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին, ով մինչև վերջերս ղեկավարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, ժամանել է Մոսկվա:
Արդյո՞ք նրան կհաջողվի բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները: Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը նման հեռանկար չի տեսնում:
«Ի՞նչ բարելավման մասին է խոսքը, մեզ հայտարարել են հիբրիդային պատերազմ, Ուկրաինային տալիս են զենք, որը պետք է սպանի մեր քաղաքացիներին»,- ասել է Մարիա Զախարովան և ավելացրել, - «առաջխաղացում կլիներ էլ ավելի չվատթարացնել երկկողմ հարաբերությունները»:
«Վաշինգտոնը կարող է դադարեցնել պատերազմը, բայց չի ուզում»
Մոսկվայում դժգոհությամբ արձանագրում են, թե եթե ամերիկացիները ցանկանային՝ կոնֆլիկտը կավարտվեր:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ի զորու է շատ արագ կարգավորել հակամարտությունը, բայց չի ցանկանում օգտվել այդ հնարավորությունից:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել է, որ Ուկրաինա միլիոնավոր դոլարների զենք ուղարկելու փոխարեն պետք է պայմանագիր կնքել, ավելացնելով, որ եթե ինքը լիներ Սպիտակ տանը՝ հարցը 24 ժամում կլուծեր:
«Երևի տեսականորեն Թրամփի ասածը ճշմարտությունից հեռու չէ: Եթե ԱՄՆ-ի նախագահը ցանկանար, ապա դա արագ կաներ՝ համապատասխան կարգադրություն տալով Կիևի ռեժիմին: Իհարկե, ոչ մեկ, կամ ոչ երկու օրում, բայց հարցը կլուծվեր», - ասել է Պեսկովը և ավելացրել, թե «Կիևի ռեժիմի բանալին մեծավ մասամբ Վաշինգտոնի ձեռքում է»:
Դոնբասում ռուսների կորուստները թուլացնում են այդ երկրի բանակը
Մինչդեռ, Ուկրաինան դիմադրում է: Նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնբասում ծանր պայմաններում պաշտպանվող ուկրաինացի զինծառայողներին, ովքեր իրենց համառ գործողություններով թուլացնում և ոչնչացնում են զավթիչներին:
«Որքան շատ կորուստներ է կրում Ռուսաստանը Դոնբասում, այնքան ավելի է տկարանում նրա ռազմական ընդհանուր կարողությունը», - ասել է Զելենսկին:
Չորս տեսակի վերաբերմունք պատերազմին, հինգերորդի մասին չեն խոսում
Շարքային ռուսները չորս տեսակի վերաբերմունք են դրսևորում այս պատերազմի նկատմամբ: Այդ մասին է վկայում մայրաքաղաք Մոսկվայի փողոցներում Reuters լրատվական գործակալության անցկացրած փոքրիկ հարցումը:
Տարբերակ առաջին. «Ուկրաինացիները ջարդը պետք է տալ»: «Երանի բանակցելով լուծվեր, բայց քանի որ արդեն այս [ոչ հրապարակելի խոսք] սկսվել է, պետք է ուկրաինացիների ատամները փշրել ու վռնդել», - ասել է Մոսկվայի բնակիչ Կատյան:
Երկրորդ մոտեցումն ավելի մարդասիրական է. «Ես աշխարհում խաղաղության կողմնակից եմ, ծնվել ենք, որ կյանքը գնահատենք, վայելենք, մեկ անգամ ենք ապրում՝ որ մեկ ուրիշին սպանե՞նք»,- ասել է Մոսկվացի Դմիտրին:
Երրորդ մոտեցման հիմքում փիլիսոփայական բանաձև է. «Ամեն մեկն անտարբեր է, քանի դեռ դա նրան անձամբ չի վերաբերում»,- ասել է մոսկվացի Յուրին:
Եվ վերջապես չորրորդ տարբերակ, որի հիմքում պարծենկոտություն ու հոխորտանք. «Ռուսաստանն այդ արևմտյան տանկերը կդարձնի ջարդոն, պիոներները կգան կհավաքեն, կձուլենք, դրանից նոր ռուսական տանկեր կարտադրենք»,- ասել է անանուն մոսկվացին:
Կա նաև հինգերորդ տարբերակն, ըստ որի առնվազն տեսականորեն, այս պատերազմում հենց ռուսների ատամները կարող են փշրվել և նրանց տանկերը կարող են դառնալ ջարդոն: Բայց Դաշնության բնակիչները, հավանաբար, փորձում են չմտածել այդ մասին: