Հրազդանի թիվ 11 դպրոցից նույն քաղաքի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր 39 աշակերտները հետազոտվելուց ու ըստ անհրաժեշտության բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։
«Հիմնական տեղափոխման պատճառը բոլոր ընդունվածների մեծ մասի մոտ ավելի շատ խուճակի դրսևորում էր», - ասում է հիվանդանոցի փոխտնօրեն Արա Սիմոնյանը:
Ի՞նչ էր տեղի ունեցել դպրոցում։ «Ազատությունը» Հրազդան մեկնեց Առողջապահության նախարարության ահազանգից հետո, ըստ որի «աշակերտի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ 12 երեխա է տեղափոխվել բժշկական կենտրոն»։ Հիվանդանոցում արդեն պարզվեց, որ դպրոցից շտապօգնության մեքենաներով «Հրազդան» բժշկական կենտրոն է գնացել ոչ թե 12, այլ մոտ 40 երեխա, այն բանից հետո, երբ 8-րդ դասարանի աշակերտներից մեկն իր հետ դպրոց տարած պղպեղի ինքնապաշտպանական սփրեյը կամ ցողիչը կիրառել է դասարանում։
Արա Սիմոնյանի խոսքով՝ որոշ երեխաներ ունեցել են թույլ արտահայված թունավորման նշաններ, մի քանիսն էլ՝ ալերգիկ դրսևորումներ, բայց բոլորն էլ որոշ ժամանակ անց տուն են գնացել։
«Այստեղ նյարդաբանի, մանկաբույժների խորհրդատվություն ստանալուց հետո թթվածին է իրենց տրամադրվել, որ շնչեն և այլ անհրաժեշտ բոլոր անհետաձգելի միջոցառումները: Բոլոր դիմածները դուրս են գրվել», - նշեց նա:
«Ազատությունը» հիվանդանոցում հանդիպեց շենքը լքող վերջին երեխային մայրիկի հետ։ Նրանք միայն ասացին, որ երեխան լավ է զգում։
«Ազատության» այցելության պահին դպրոցում արդեն լռություն էր. փոխտնօրեն Հերմինե Հարությունյանի խոսքով՝ պղպեղի ցողիչի կիրառումից հետո երեխաների շրջանում միանգամից խուճապ է սկսվել. «Ուղղակի որ ինքը շատ սուր է, ծակծկում է քթի խոռոչը կամ կոկորդը, դրանից ավելի շատ պանիկա էր, հիվանդանոց գնացողների մոտ ավելի շատ պանիկա է եղել, անհանգստություն, սթրես, թունավորում չէ ինքը: Ես այդ բալոնչիկի վրա կարդացի, որ ինքը հենց արցունքաբեր է ու առաջացնում է փռշտոց, հազ: Ինքը արտադրված է Ռուսաստանում, ու էդ տվյալ երեխան դա պատվիրել էր Վալդբերիսից, ոնց հասկացա»:
Ցողիչը դպրոց տարած 8-րդ դասարանցի տղան ուսուցիչներին պատմել է, որ ինքնապաշտպանության համար է այն գնած եղել: Թե ինչու է որոշել տանել դպրոց ու կիրառել դասարանում, արդեն հայտնի չէ։ Բայց փոխտնօրենն ասում է՝ երեխան վատ հարաբերություններ դասընկերների հետ չի ունեցել։
«Ինքն ընդհանրապես չի տարբերվում ագրեսիվ պահվածքով, նենց երեխա չի, որ փորձես, գնաս իր հետևից, տեսնես՝ ինչ է անում: Կան ակտիվ երեխաներ, իհարկե, իրենցով զբաղվում ենք, հետևողական ենք, վարքով, անընդհատ, սմարթ հեռախոսներ չենք թողնում դպրոց բերեն, ինքը չի տարբերվել, դասարանում խելոք, նստած», - նշեց նա:
Դասաամիջոցին ցողիչի կիրառումը հայտնաբերելուց հետո ուսուցիչները օդափոխել են սենյակը, երեխաներին տեղափոխել այլ սենյակներ, զանգահարել են շտապօգնություն, կանչել ծնողներին։
«Ազատ դասարան ենք տարել, նաև միջանցքի բոլոր երեխաներին, որ ազատ դասարան էլ չկար, տարել ենք գրադարան, այդ միջանցքից հանել: Մի քանի հոգի, ովքեր հենց դասարանում են եղել, իրենց հիվանդանոց տարանք՝ ուղղակի անվտանգության նկատառումներից ելնելով, որ հանգիստ լինենք, մնացածին ծնողներին կանչել ենք, եկել են, տարել են տուն», - պատմեց փոխտնօրենը:
Ստուգո՞ւմ են արդյոք դպրոցներում երեխաների պայուսակները ներս մտնելիս: Ոչ։ Նման պահանջ չկա, իսկ հազարից ավելի աշակերտ ունեցող դպրոցում դա գրեթե անհնար կլիներ։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է դասղեկները ստուգեն պայուսակները, բայց հեռախոսներ փնտրելու, ոչ թե պղպեղի ցողիչներ։
Ցողիչը դպրոց տարած երեխայի ու ծնողի հետ զրուցել են ոստիկանության ներկայացուցիչները, որոնք հավաքած նյութերն ուղարկել են Քննչական կոմիտե։ Այնտեղից տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով, այլ մանրամասներ այս պահին չկան։