Մատչելիության հղումներ

5 միլիարդ դրամ՝ Ջրաձորի տեղափոխման համար. գյուղի տարածքում կվերսկսվի Կապսի ջրամբարի կառուցումը


5 միլիարդ դրամ գյուղի տեղափոխման համար. այդքան գումար է կառավարությունը հատկացրել, որ Շիրակի մարզի Ջրաձորի բնակիչները տեղափոխվեն, որպեսզի գյուղի տարածքում վերսկսվի Կապսի ջրամբարի կառուցումը։

Գաղափարը ոգևորել է ուսուցիչ Հովիկ Վարդանյանին. «Ինչ ինձ հիշում եմ, իմ գիտակցական կյանքում մեր գյուղը տեղափոխելու են ու մինչև հիմա այստեղ ենք: Տեսնենք կիրագործվի, թե՝ չէ, մեր կենդանության օրոք: Մի քանի սերունդ արդեն հեռացել է՝ չտեսնելով այդ տեղափոխվելը, հիմա տեսնենք մեր սերունդը գոնե կհաջողի նոր տներում ապրել, նոր պայմաններում ապրել»:

Այս գյուղը տեղափոխելու ծրագիր դեռ խորհրդային իշխանություններն են ունեցել, բայց գործն ավարտին չեն հասցրել։ 1985-ին մեկնարկած ջրամբարի կառուցումը դադարեցվել է 93-ին, ջրաձորցիներն էլ մնացել են իրենց տեղում։ Այս կառավարությունը ավելի գործնական քայլերի է անցել. մտադիր են մեկ տարում նոր գյուղ կառուցել, զուգահեռ սկսել ջրամբարի շինարարությունը։

Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ ջրամբարի կառուցման մրցույթը մի չինական ընկերություն է շահել, գումարի մի մասը կառավարությունն է հատկացնում, մյուս մասը վարկ է, որ KFW բանկն է տրամադրում դեռ 2013-ին կնքված համաձայնագրով։

Ջրամբարը 25 մլն խորանարդ ծավալ է ունենալու։ Ըստ պաշտոնյայի, բանակցում են գերմանական մեկ այլ ընկերության հետ, որ տարողությունը հասցվի 60 մլն խորանարդի։ Նախատեսվում է այս ջրամբարից ոռոգման ջուր տրամադրել շրջակա գյուղերին։

«60 միլիոնի համար պահանջվելու է, ըստ նախնական հաշվարկների, ևս 20 միլիոն եվրո: Այս պահին ջրամբարի 25 միլիոնի համար պայմանագրային արժեքը կազմում է 73 միլիոն դրամ», - ասաց Աշոտ Խաչատրյանը:

Կապսի ջրամաբարի համար հավելյալ գումարի հարցը վերջնական նախագիծը ունենալուց հետո են քննարկելու, երբ հստակ լինի պահանջվող գումարի չափը. «Էդ ժամանակ արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոշի՝ լրացուցիչ վարկ կվերցնի, թե պետբյուջեից կհատկացնի»:

Ջրաձորը մինչև վերջերս նույնիսկ քարտեզի վրա նշված չէր, հիմա իշխանությունները խոստանում են, որ նոր Ջրաձորը արդիական գյուղի նախատիպ է դառնալու։ Արդեն մեկ տարի է բնակիչների գույքն են չափագրում։ Ծրագրի իրականացման թիմի ղեկավար Տիգրան Դանիելյանն ասաց, որ 74 բնակելի տուն են հաշվառել։ Կան նաև շինություններ ու հողամասեր, որոնց համար սեփականատերերին փոխհատուցում են տրամադրելու։

«Իրենք ունեն օժանդակ շինություններ՝ տներից առանձին գոմեր, պահեստներ, խորդանոցներ, որոնց գծով ստանալու են դրամական փոխհատուցում, ծառեր, մշակաբույսեր, հողի վրա տեղափոխման ենթական գույքի տեղափոխման ծախսերն են փախհատուցվելու», - ներկայացրեց Դանիելյանը:

Փոխհատուցման հաշվարկն արել են՝ մի դեպքում կադաստրային արժեքն է գործելու, մյուս դեպքում շուկայականը՝ գումարած 15 տոկոս։ Ջրաձորում փոխհատուցման տարբերակներից դժգոհողներ չկային։

Դպրոցում 30 տարի դասավանդող Հովիկ Վարդանյանն ասում է՝ անորոշ ապագայի պատճառով շատերն են հեռացել գյուղից։ Այստեղ հիմա 340 մարդ է ապրում, դպրոցն ընդամենը 20 աշակերտ ունի։ Ջրաձորում վերջին տարիներին երեխաներ չեն ծնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG