Մատչելիության հղումներ

Ասեղնագործություն, գոբելեն, կոլաժներ. անհետ կորած Ռոբերտ Ասմարյանի մայրը որդու 25-ամյակը ցուցահանդեսում նշեց


44-օրյա պատերազմից այդպես էլ տուն չեկած Ռոբերտ Ասմարյանի մայրը՝ Զարուհին դեռ սպասում է անհետ կորած որդուն։ Որ այդ սպասումից չխելագարվի, սկսել է ստեղծագործել՝ գոբելեն, կոլաժներ, նկարչություն, և այդ ամենը հենց որդու սենյակում։

«Որովհետև իրա սենյակում ես ինձ զգում եմ ավելի ապահով, իր ներկայությունն եմ զգում», - ասաց Զարուհին։

Ծառայության ավարտին 7 ամիս էր մնացել, բայց՝ չեկավ։ Վերջին անգամ Զարուհին որդու հետ խոսել է նոյեմբերի սկզբին, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել։ Իսկ դրանից առաջ մինուճար զավակի՝ հեռախոսով փոխանցած խոսքերը կարգախոս են դարձել մոր համար. «Մի անգամ ինքը զանգեց, ասաց՝ մամ, գիտես, զինվորների ավտոն շուռ ա էկել, գնացել ենք, բոլոր այդ զինվորներին փրկել ենք։ Ռոբ ջան, ասի, ես կյանքս կտայի, որ դրա միջով չանցնեիր։ Բայց ինքը գիտեք ինչ ինձ պատասխանեց, ասաց՝ մամ, դու մի մտածի, ես որ գամ տուն, կյանքի մնացած փորձությունները, դժվարությունները էնքան հեշտ կհաղթահարեմ։ Իրա էդ խոսքերը ինձ համար դառել են ուղղակի կարգախոս։ Ես համարում եմ սա փորձություն»։

Բժշկական համալսարանի 4-րդ կուրսն ավարտել ու բանակ էր գնացել բուժակ Ռոբերտը։ Մայրը խիստ զգուշավոր է, խնդրեց, որ որդու լուսանկարը կադրերում չցուցադրենք, ասաց՝ չգիտի որտեղ է, գուցե վտանգավո՞ր է հրապարակելը։ Պետական ոչ մի աջակցության մասին լսել անգամ չի ուզում, միայն իր ստեղծագործություններից ու որդուց է խոսում, այլ թեմաներից նյարդայնանում է։ Ասեղնագործություն, գոբելեն, կոլաժներ... 60-ի հասնող այս բոլոր աշխատանքները ծնվել են որդու անհետ կորելուց հետո։ Դրանցից մեկում Ռոբերտի ձեռքի դաջվածքն է՝ ծառի արմատ, ավազե ժամացույց ու առանց տերևների ծառ։ Բայց Զարուհին իր կոլաժում դա տերևներով է պատկերել, դրանք որդու երազանքներն են՝ գլխավորը լավ բժիշկ դառնալն է:

«Անպայման արել եմ ծառի ճյուղերը տերևներով, որովհետև ինքը գալու ա, ու իրա երազանքները մենք անպայման իրագործելու ենք միասին», - նշեց մայրը։

Պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով շուրջ 200 զիծառայող դեռ անհետ կորած է համարվում։ Ռոբերտ Ասմարյանը նրանցից մեկն։ Մայրն ասում է՝ ԴՆԹ անալիզ են հանձնել, ոչ մի համընկնում չկա... անորոշ սպասումը ձգվում ու ձգվում է։

«Մի օր առավոտյան ինքը զանգեց, գմփոց, դխկոց էր գալիս... Ես ասում էի՝ ի՞նչ ա էղել, Ռոբ ջան, ինքը բարձր գոռալով ասում էր՝ մամ ջան, ես քեզ շատ եմ սիրում... Ուզում եմ ասեմ այդ բնազդը, բացի էդ դեպքերից, շատ ա էղել, որ ես զգացել եմ վտանգը։ Ու փառք Աստծո, որ ԴՆԹ-ի ոչ մի համընկում չի եղել... Ես համոզված եմ, որ իմ որդին ինչ-որ տեղ, ինչ-որ մի վայր... և ինքը ապահով ա։ Ինքն էլ իր առաքելությունը ունի միգուցե», - ասաց Զարուհին։

Բանակ գնալուց առաջ՝ պապիկի ծննդյան օրը, Ռոբերտի ասած կենաց-խոստումները մայրն արդեն մի 100 անգամ լսել ու շարունակում է լսել:

«Մի անգամ զանգեց պատերազմի ժամանակ ու ասաց՝ մամ, սպասող կա՞, իմ մասին անհանգստացող կա՞... Էս հարցերը ինձ ահավոր տանջում են մինչև հիմա», - պատմեց նա։

Երեկ լրացավ Ռոբերտի 25-ամյակը։ Մայրը տղայի ծնունդը նշեց ցուցահանդեսում, որտեղ ներկայացրել էր իր գործերն ու այն գորգը, որ Ռոբերտն էր գործել պատերազմ գնալուց առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG