Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերջնական խզում է կապերը Եվրոպայի խորհրդի հետ


Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 19 հոկտեմբերի, 2020թ.
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 19 հոկտեմբերի, 2020թ.

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից մեկ օր անց՝ փետրվարի 25-ին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, խորհրդակցելով ԵԽԽՎ-ի հետ, գործարկել է կառույցի կանոնադրության 7-դ և 8-րդ կետերը և նախաձեռնել է Ռուսաստանի արտաքսման գործընթացը:

2022 թվականի մարտի 15-ին Խորհրդարանական վեհաժողովի վճիռը միաձայն է ընդունվել: ԵԽԽՎ խոսնակ Տինի Կոքսն ասել է, որ ագրեսորը չունի այս կառույցի անդամ լինելու իրավունք:

Այդպիսով Ռուսաստանը վտարվել է Եվրոպայի խորհրդից, և դեռ անցած տարեվերջին կառավարությունը վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրությամբ ընդունել է որոշում, որով դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի խորհրդի բոլոր միջազգային պայմանագրերի գործողությունը դադարեցնելու նախագիծ խորհրդարանի ստորին պալատ՝ Պետական դումա ուղարկելու առաջարկով:

Երեկ նախագահն այդ փաթեթն ուղարկել է օրենսդիր ատյան: Ռուսաստանը 2022-ի մարտի 16-ից արդեն չի մասնակցել պայմանագրերին, և հիմա «Արտակարգ դրության» մասին և «Ռազմական դրության» մասին օրենքներից կարող է հանվել դրանց կիրարկման ընթացքում մարդու իրավունքների հարցում միջազգային պարտավորություններին համաձայն գործելու պահանջը:

Պուտինն առաջարկում է հետին թվով՝ 2022-ի մարտի 16-ից սկսած, չեղարկված համարել օրենքները, որոնք գործնականում արդեն չեն կիրառվում: Այստեղ, ըստ եվրոպացի փորձագետների, կան երկու կարևոր գործոններ, որոնք առչվում են «Արտակարգ դրության» և «Ռազմական դրության» մասին օրենքների լրամշակումներին:

Հայտարարելով արտակարգ կամ ռազմական դրություն՝ Ռուսաստանը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Եվրոպայի խորհրդին և նշել, թե մարդու իրավունքների հռչակագրով երաշխավորված կոնկրետ որ իրավունքներն ու ինչքան ժամանակով են սահմանափակվելու:

Արտակարգ դրության միջոցները պետք է համապատասխանեն Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և չեն կարող ենթադրել որևէ խտրականություն սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, գույքի, պաշտոնական կարգավիճակի, բնակության վայրի, կրոնի հանդեպ վերաբերմունքի, հասարակական միավորումների անդամակցությանև այլ հանգամանքների հիման վրա:

Եվրոպայի խորհուրդը պնդել է, որ Ռուսաստանը գործող կարգով միայն վեց ամիս անց՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ից կարող է հռչակվել կառույցից դուրս եկած պետություն, բայց ինչո՞ւ է Կրեմլը որոշել դա ձևակերպել հետին թվով՝ մարտի 16-ից:

Քաղաքականից զատ պատճառը նաև նյութական է՝ այդպես Ռուսաստանն իրեն վերապահում է որոշմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները չճանաչելու և հատուցումներ չվճարելու իրավունք:

Մոսկվան դեռ անցած տարվա մարտին է հայտարարել, թե Եվրոպայի խորհրդից Ռուսաստանը վտարելու փետրվարի 25-ի որոշումը ոտնահարում է Ռուսաստանի իրավունքը, հետևաբար Դաշնությունն իրեն համարում է կառույցից դուրս:

Ռուսաստանն անցած տարվա մայիսին ծանուցել է, որ հատուցումներ չի վճարի ՄԻԵԴ-ի այն վճիռներով, որոնք ուժի մեջ չեն մտել մինչև մարտի 15-ը:

Որոշումները, սովորաբար, ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից ոչ շուտ, քան երեք ամիս անց: Այսպիսով, ի կատար չեն ածվել անցած տարվա դեկտեմբերի 15-ից հետո կայացված վճիռները, դա, ըստ էուէթյան, դեռ պատերազմից և Եվրոպայի խորհրդի հետ կապերը խզելուց առաջ էր:

Ըստ Եվրոպայի խորհրդի, Ռուսաստանը չի կատարել ավելի քան 2220 որոշում և չվճառված հատուցման ընդհանուր գումարը գերազանցւմ է 2 միլիարդ եվրոն:

Ռուսաստանը մոտ 26 տարի է եղել Եվրոպայի խորհրդի անդամ: Մոսկվան պնդում է, որ անցյալ տարվա մարտի 16-ից ուժը կորցրած է համարում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հռչակագիրը, Ահաբեկչության կասեցման մասին եվրոպական հռչակագիրը, տեղական ինքնակառավարման մասին երվրոպական կանոնադրությունը և սոցիալական կանոնադրությունը:

XS
SM
MD
LG