Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ուղղաթիռն ընկել է մանկապարտեզի վրա, մահացել է ՆԳՆ ղեկավարությունը. ինչ է հայտնի այս պահին


Ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, ով մահացել է հունվարի 18-ին ուղղաթիռի վթարի հետևանքով
Ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, ով մահացել է հունվարի 18-ին ուղղաթիռի վթարի հետևանքով

Հունվարի 18-ի առավոտյան Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռն ընկել է Կիևի մարզի Բրովարի քաղաքի մանկապարտեզի տարածքում։ Զոհվել է 18 հոգի, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը:

  • Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին
  • Նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը
  • Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Յուրի Լուբկովիչը

Բացի ուղղաթիռի ուղևորներից, զոհվել են նաև մի քանի երեխաներ, որոնք գտնվել են «Ռոդնիչոկ» մանկապարտեզի տարածքում, Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբայի խոսքով՝ նրանք երեքն են։ Կուլեբան նաև հայտնել է 29 վիրավորների մասին, այդ թվում՝ 15 երեխա, ովքեր հոսպիտալացվել են Բրովարիի հիվանդանոց՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով։ Վիրավորների թվում կան անցորդներ և մանկապարտեզին ամենամոտ գտնվող 14 հարկանի բնակելի շենքի բնակիչներ։

Ուղղաթիռի բեկորները վնասել են նաև երեք մեքենա և հրդեհի առաջացման պատճառ են դարձել:

Որտեղ է տեղի ունեցել վթարը

Աղբյուրը՝ Ուկրաինայի ոստիկանությունը
Աղբյուրը՝ Ուկրաինայի ոստիկանությունը

Վթարի պատճառները

ՆԳՆ ղեկավարությունը Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Super Puma ուղղաթիռով է ուղևորվելիս եղել։ Այս ուղղաթիռների արտադրությամբ զբաղվել է ֆրանսիական Aerospatiale ավիաընկերությունը, դրանք արտադրվում են 1978 թվականից։ Թե երբ է գործարկվել ինքնաթիռը, որից օգտվել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, դեռևս հայտնի չէ։

Կոնկրետ ինչն է եղել ուղղաթիռի կործանման պատճառը, նույնպես այս պահին անհայտ է։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատն ասել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել:

«Հանձնաժողովը, որի կազմում կլինեն տարբեր ավիացիոն փորձագետներ, կուսումնասիրի պատճառները, բայց դա 1-2 օր չի տևի, քանի որ ավիավթարի հետաքննությունը որոշակի ժամանակ է պահանջում»,- ընդգծել է նա։

Տեղական լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ ուղղաթիռն ընկնելիս մասնատվել է է՝ բեկորներից մեկն ընկել է մանկապարտեզի տարածքում, իսկ մեծ մասը ընկել է տներից մեկի տարածքում։ Տարածաշրջանային «Magnolia TV» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ուղղաթիռը, ենթադրաբար, հարվածել է մանկապարտեզի շենքին, այնուհետ իներցիայով թռել դեպի բազմահարկ բնակելի շենք՝ վթարի ենթարկվելով մուտքերից մեկի մոտ։

Ո՞ւր էր թռչում նախարարը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն առավոտյան հայտնել են, որ Մոնաստիրսկին և ՆԳՆ ղեկավարությունը թռչում էին «ճակատի թեժ կետերից մեկը»։ Կոնկրետ որտեղ՝ Զելենսկու գրասենյակից խոստացել են հայտնել ավելի ուշ։

Կարո՞ղ էր արդյոք ուղղաթիռի կործանումը կապված լինել նախարարի այս ուղևորության հետ՝ վարչակազմի ներկայացուցիչները չեն բացահայտել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրովարիում տեղի ունեցած աղետն անվանել է սարսափելի ողբերգություն և հանձնարարել երկրի անվտանգության ծառայությանը պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։

Ով էր Դենիս Մոնաստիրսկին և ինչով հայտնի

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին մեկն էր նրանցից, ովքեր հետաքննում էին Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունները և նյութեր էին հավաքում դրանց մասին Միջազգային քրեական դատարանի համար։

Մոնաստիրսկին եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից, նա նշանակվել է ներքին գործերի նախարար նախորդի՝ տխրահռչակ Արսեն Ավակովի հրաժարականից հետո։

Մոնաստիրսկին ավարտել է Խմելնիցկիի կառավարման և իրավունքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, եղել է իրավաբանական գիտությունների թեկնածու և դասավանդել համալսարանում, ղեկավարել է օրենսդրության և գիտական փորձաքննության բաժինը: Նա նաև իրավաբան է աշխատել Hillmont Partners, Global Ties KC, Legal Consulting ՍՊԸ-ում և եղել է ութերորդ գումարման Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի հասարակական հիմունքներով խորհրդատուն: Իններորդ գումարման Ռադայում Մոնաստիրսկին գլխավորել է Իրավապահ մարմինների հանձնաժողովը։

Կադրեր դեպքի վայրից

Առաջին կադրերը Բրովարիում ուղղաթիռի կործանման վայրից.

Բեկորներից մեկն ընկել է մանկապարտեզի վրա, հրդեհ է բռնկվել.

Կադրեր դեպքի վայրից.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG