Վրաց հանրահայտ դերասան, երգիչ, ռեժիսոր, կոմպոզիտոր Վախտանգ Կիկաբիձեն մտերիմ է եղել բազմաթիվ հայ անվանի արվեստագետների՝ Ալեքսեյ Հեքիմյանի, Առնո Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի և այլոց հետ, որոնք բոլորն էլ վաղուց հեռացել են այս աշխարհից։
Վերջին անգամ Կիկաբիձեն Հայաստանում էր 2018 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի հրավերով։
Ինչպես այսօր վերհիշում էր նվագախմբի արդեն նախկին տնօրեն, այսօր «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր –Հովակիմյանը, Կիկաբիձեն շատ մեծ սիրով է նվիրված եղել Հայաստանին ու իր հայ բարեկամներին՝ ի խորոց սրտի ցավելով, որ նրանք բոլորն այլևս չկան. - «Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակն էինք նշում, 2018 թվականի փետրվարի 2-ին էր համերգը։ Եվ, ինչպես բոլորս գիտենք, Հեքիմյանի երգերի լավագույն կատարողներից էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրիգվաձեն, և իհարկե, մեծ սիրով իրենց հրավիրեցինք։ Իրենք էլ մեծ սիրով միանգամից համաձայնեցին, եկան Երևան, փորձ ունեցան նվագախմբի հետ, և համերգը տեղի ունեցավ Օպերային թատրոնում։ Մեծ համերգ էր, շատ շքեղ, շատ սիրուն, մասնակցում էին մեր հայ աստղերը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Եվ ես ինչքան հասկանում եմ, դա վերջին ելույթն էր իրենց Հայաստանում։ Երկարատև դադարից հետո նրանք եկան Հայաստան մեծ սիրով, մեծ ուրախությամբ։ Հեքիմյանի մասին պատմում էին տարբեր պատմություններ, մտերիմ են եղել, Կիկաբիձեի հետ ընկերություն են արել։ Եվ իհարկե հայ-վրացական մշակութային և ընդհանուր հարաբերությունների արտացոլանքը հենց իրենց մեջ էր։ Կիկաբիձեի անվերջ պատմությունները Մհեր Մկրտչյանի հետ կապված... շատ ջերմ, շատ մտերմիկ մթնոլորտ էր այդ ամբողջ իրենց այցելության ընթացքում։ Էն ժամանակ էլ Կիկաբիձեն վատառողջ էր, նույնիսկ շատ-շատ վատ էր, դիալիզ էր ստանում, բայց երեկոյան հանդես եկավ։ Որովհետև երբ հրավիրեցինք, ասեց՝ ես չեմ կարող բաց թողնել Հեքիմյանի համերգը։ Թեև առողջական լուրջ-լուրջ խնդիրներ ուներ։ Եվ իհարկե, շատ ջերմ հիշողություններ կմնան մեր սրտերում իր մասին»։
Մեր անվանի արվեստագետներից կոմպոզիտոր, դաշնակահար Մարտին Վարդազարյանը Կիկաբիձեի սերնդակիցն է եղել։ Այսօր նշում էր, որ նրա հետ մտերիմ չի եղել, բայց շեշտում էր, որ դա ոչ մի նշանակություն չունի. - «Բոլորը չէ, որ նրան անձամբ ճանաչում էին, մտերիմ էին։ Ինքն էր մտերիմ բոլորի հետ։ Էս ժամանակաշրջանը կորուստների շրջան է։ Եվ ոչ միայն մեր ունեցած կորուստները, այլև մեր բարեկամների, որոնց թվին ես անպայման դասում եմ մի հրաշալի անձնավորության, որին ես մի քանի անգամ եմ հանդիպել։ Չեմ կարող ասել, որ մտերիմ էի, բայց նրա դերն ու նշանակությունը, նրա վարակիչ կենսախնդությունը և կյանքի գեներատոր հանդիսանալու որպես անհատականություն... Շատ լավ հայ ընկերներ ունեցող, և ոչ միայն հայ, շատերի համար նա հարազատ ընկեր էր։ Հեքիմյանի երգերը կատարեց հիանալի։ Բացի դրանից, Բաբաջանյանի երգերը նույնպես հնչեցրել է իր ծրագրերում։ Երևանում մեկ անգամ չէ, որ եղել է, հրաշալի հանդիպում էր «Պապլավոկում», շատ անմիջական։ Մեր նվագակցությամբ նա երգեց իր հայտնի երգը «Միմինո» ֆիլմից։ Մի խոսքով, ամեն անգամ նրան տեսնելիս, անկախ ծանոթության մակարդակից, ժպիտ էր առաջանում, ջերմություն և հավատ մարդկային բարության նկատմամբ։ Շատ ափսոս, որ այսօր Կիկաբիձեն հրաժեշտ տվեց։ Բայց նա իհարկե մնա ոչ միայն նրանց, ովքեր որ անձամբ հանդիպել են և տեսել են, այլև նրանց, ովքեր ֆիլմերում առիթ են ունեցել շփվեն նրա հետ, համերգները լսել նրա, տեսաժապավենները լսել... անպայման կհիշվի, այդ պահին ժպիտ կառաջանա նրանց, ինչպես նաև իմ դեմքին, բայց տխուր ժպիտ»։