Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են զորքերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները:
Տեսակապով խորհրդակցությանը մասնակցել են նաև ստորաբաժանումների ու միավորների հրամանատարները:
Ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության, խորհրդակցության ընթացքում քննարկվել է «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին և Ադրբեջանում՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում ստեղծված իրավիճակը»:
Օրակարգում է եղել նաև Ադրբեջանի զինված ուժերի համար անհրաժեշտ կադրեր պատրաստելու նպատակով կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցը:
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Հասանովը բանակին կարգադրել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»: