Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով վերջապես անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է՝ հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։
«Ադրբեջանի նախագահն իր այս հայտարարությամբ ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի: Ադրբեջանն ընդունում է, որ իր գործողությունների վերջնանպատակը Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելն է, Լեռնային Ղարաբաղի հայությանը իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկելն է», - ասել է խոսնակը:
Այս պայմաններում պաշտոնական Երևանը միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ է անում հստակ գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և «փրկել արցախահայությանը վերահաս արհավիրքից»:
Ադրբեջանի նախագահը, նույն հարցազրույցում հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել էր, թե այն նախատեսված է 2020-ի պատերազմից հետո ստորագրված պայմանագրով, և Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորությունից։ Չնայած դրան, միջանցքը կբացվի, խոստացել էր Իլհամ Ալիևը։
«Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը», - ասել է Վահան Հունանյանը՝ հավելելով. «Հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։
Իսկ ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ակնառու կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարհանքը:
Հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը»: