Մատչելիության հղումներ

Զախարովա․ Երևանի դիրքորոշումները միմյանց հակասում են սկզբունքային մի շարք հարցերում


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը պնդել է, որ պաշտոնական Երևանի տեսակետներում միմյանց հակասող դրույթներ կան, և որ դա առկա է մի շարք հարցերում։

«Մենք մեկ հարցի կամ դետալի շուրջ չէ, որ տեսնում ենք հակասություններ․ այդպիսի թեմաները մի քանիսն են, և դրանք լուրջ թեմաներ են։ Մենք գնահատականների միջև տարբերություն ենք տեսնում հարցերում, որոնք լրջագույն նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար», - այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը նույն ասել էր Հայաստանի վարչապետի վերջին հայտարարության մասին, թե Երևանը պատրաստ է ընդունել ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակը։

«Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են»,- ասել է ԱԳՆ խոսնակ Զախարովան, հիշեցնելով, որ երկու օր առաջ կայացած ասուլիսում Հայաստանի վարչապետը խոսել է և՛ ռուսական առաջարկությունների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, և՛ միաժամանակ հակամարտության մի ինչ-որ «համապարփակ լուծման» նախընտրելիության մասին, որն առաջադրում է Արևմուտքը»։

«Մենք 24-ժամյա շփման մեջ ենք կողմերի հետ, և փորձում ենք հայկական կողմից, լիազորություններով օժտված համապատասխան անձանցից հստակեցնել՝ որ տեսակետն են պաշտպանում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ «հարցերը սկզբունքային են, հետևաբար դիրքորոշումները ևս պետք է հստակ ձևակերպվեն։ Հնարավոր է՝ որոշ շեղումներով, հնարավոր է՝ որոշ վերապահումներով, բայց գնահատականը պետք է ձևակերպվի՝ առանց դրա սկզբունքային հիմքերի փոփոխության»։

XS
SM
MD
LG