Մատչելիության հղումներ

Մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար. Իրակլի Ղարիբաշվիլի (թարմացված)


Վրաց իշխանությունը, Վրաստանն ու ժողովուրդը շահագրգռված են, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից առաջ հայ գործընկերոջ հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետը:

«Մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի:

Առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Երևանում ընդունելով Ղարիբաշվիլիին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բացի երկկողմ տնտեսական բնույթի հարցերից, քննարկման ենթակա են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցեր:

«Նման հարցերում առկա է փոխըմբռնում, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև դարավոր կապերով և հայ-վրացական եղբայրական հարաբերությունների գերակայության գիտակցմամբ», - կառավարության հաղորդմամբ՝ ասել է նա:

Իրակլի Ղարիբաշվիլին նաև նշել է, որ տնտեսական հանձնաժողովը կարևոր հարթակ է երկու հարևան երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի հզորացման համար, նաև հայտնել է, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը, Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի օգոստոսին՝ հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG