Մատչելիության հղումներ

Ի՞նչ էր հայտարարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և տարիներ առաջ


Ի՞նչ էր հայտարարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, և տարիներ առաջ, երբ դեռ ընդդիմադիր էր։ Միևնույն հարցի ու իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները հակասում են միմյանց։ Երեկվա ասուլիսում Փաշինյանն ասում էր՝ մինչև 2020-ը շրջանները հանձնելու, այսինքն՝ խաղաղ կարգավորման ճանապարհով չի գնացել, քանի որ իմացել է՝ բանակն ուժեղ է, դաշնակիցները՝ հուսալի:

«Էն ժամանակ ո՞վ ո՞ւմ կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ պայմաններում, երբ որ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, պաշտոնական զեկույցներ էր դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել», - նշեց վարչապետը:

«Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան հոդս ցնդեցին», - 2020-ին հայտարարել է Փաշինյանը:

Իսկ ահա 2020-ի հուլիսի տավուշյան լոկալ մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, թե հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է, մարտերի մասնակիցներին էլ միջնորդում մի քանի տասնյակ «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրել, մեկին՝ անգամ Ազգային հերոսի կոչում տալ։

Փաշինյանն ուղիղ պատասխան չի տալիս՝ Ալմաթիի հռչակագրին հղումով հայտարարությանը համաձայնելով՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչե՞լ է, թե՝ ոչ։ Երեկ ասում էր՝ որոշման հարց է՝ պատերազմ հայտարարել միջազգային հանրությանը, որը երեկ էլ, այսօր էլ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, թե՝ հակադրվել. - «Մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը դնել զոհասեղանի վրա, չենք կարող ուղղակի: մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը»:

2016-ին Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի իշխանությունների նպատակը «ստորացուցիչ» էր որակում. - «Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է՝ խոսել Հայաստանի Հանրապետության և լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտուլյացիայի մասին, բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան»:

«Ձեզ թվում ա կոռուպցիան պոզով, պոչով մեծ կենդանի՞ ա, էս ա կոռուպցիան: Մարդ պիտի ձեր նման ընտանիք պահի, որ իրենց շրջապատի մարդիկ կա՛մ միլպետ լինեն, կա՛մ դատախազ լինեն, կա՛մ միլիոնատեր լինեն, կամ՛ դեպուտատ լինեն, քաղաքապետ լինեն», - սա 8 տարի առաջ էր, այսօր երբ թղթերով ամեն ինչ կարգին է, ի՞նչ հովանավորչություն։

Փաշինյանին երեկ լրագրողները օրինակներով էին հարցնում՝ ինչպե՞ս է իր քաղաքական թիմի անդամների հարազատների ունեցվածքը մեծանում։ Ընկերությունը, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է տնօրեն, շարունակում է հաղթել պետական տենդերներում, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը խոշոր հողատարածքների տեր է դառնում։ Պաշտոնանկություններ ինչո՞ւ չեն լինում։ Փաշինյանն այս հարցադրմանն անգամ չանդրադարձավ, քանի որ կոռուպցիոն դրսևորումներ չկան, գործեր էլ չկան. - «Ալեն Սիմոնյանի եղբայրը որևէ տեղ աշխատելու իրավունք ունի, ասենք, ինքը ինչ պետք է աշխատի»:

XS
SM
MD
LG