Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքի իր իսկ խոսքերը, որ հնչեցրել է դեռ 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մոտ երկու տարվա քննության արդյունքում մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ վարչապետ Փաշինյանի։

Զրպարտելու և անմեղության կանխավարկածը խախտելու համար երկրորդ նախագահը պահանջում էր 4 միլիոն դրամ՝ երկու միլիոն՝ Հայաստանի Հանրապետությունից, երկուսը՝ վարչապետից։ Բողոքն առնչվում է 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների մասին Փաշինյանի գնահատականներին։

Վճիռը հրապարակվել է երեկ երեկոյան։ Դատավոր Սերգեյ Սահակյանը եզրահանգել է, որ վարչապետ Փաշինյանը չի խախտել Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը և չի զրպարտել նրան։ Քոչարյանը, որ դեռ երկու տարի առաջ մեղադրվում էր 2008-ի մարտյան իրադարձությունների համար, բայց հետո արդարացվեց, պնդում էր՝ Փաշինյանն իր ելույթով խախտել է իր իրավունքները։

Հանրապետության հրապարակի հանրահավաքի հարթակից վարչապետը հայտարարել էր, որ 2008-ին Հայաստանի իշխանությունները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին։

XS
SM
MD
LG