Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու ամիսներին մարզպետարաններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ


Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան, ախիվ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան, ախիվ

Առաջիկա երկու ամիսներին մարզպետարաններում տեղի կունենան կառուցվածքային փոփոխություններ, ինչի հետևանքով սպասվում են նաև կադրային կրճատումներ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ակնկալվող փոփոխություններից հետո մարզպետարանի 132 աշխատակիցներից մոտ երեք տասնյակը կազատվեն։

«Կրճատումները անխուսափելի են, և այս պարագայում գրեթե 20 տոկոսի կրճատում սպասվում է: Պետք է գործընթացը իրականացնենք այնպես, որպեսզի աշխատակիցները չտուժեն, և հնարավորինս ուղղորդենք այլ կառույցներ աշխատանքի: Այս գործընթացը միտված է ավելի արդյունավետ դարձնելու պրոցեսները, և լիահույս եմ, որ մեզ մոտ անցնցում կանցնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետը:

Մարզպետարանների աշխատակիցները քաղծառայողներ են և ըստ օրենքի՝ աշխատանքից ազատման դեպքում կմնան կադրերի ռեզերվում, մի քանի ամիս էլ կվճարվեն։ Իսկ թե ինչ սկզբունքով են ընտրվելու կրճատման ենթակա աշխատակիցները, գործադիրը դեռ չի հստակեցրել։

«Աշխատանքային օրենսգիրքը այս պարագայում հստակ նշում է մոդելը, թե ինչպես է տեղի ունենում հաստիքի փոփոխության, կամ հաստիքի կրճատման դեպքում ինչ է առաջարկվում աշխատակիցներին: Այնպես որ, ենթադրում եմ, որ մեթոդաբանության մեջ, որը վստահ եմ, որ առաջիկայում նախարարությունից կստանանք, հստակ քայլերը նշմարված կլինեն», - նշեց Բաղդասարյանը:

Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու քննարկումները մեկնարկեցին 2018-ի հեղափոխությունից հետո, դիտարկվում էր նաև այս պահին առկա 10 մարզպետարանները 3-4 խոշոր կառույցների մեջ միավորելու տարբերակը։ Առաջիկա փոփոխություններով դա, սակայն, նախատեսված չէ։

«Ներկայիս մարզպետարանների կազմում մենք ունենք վարչություններ, վարչություններին ենթակա բաժիններ, այս դեպքում սա նույնպես պարզեցվում է, և առավելապես ղեկավար պաշտոններն են նվազեցվում: Ըստ էության, օրինակելի կանոնադրությամբ, մենք կունենանք 7 առանձնացված ստորաբաժանում և 3 աջակցող ստորաբաժանումներ՝ դա իրավաբանական բաժինն է, անձնակազմի կառավարման բաժինն է և ֆինանսական բաժինն է: Մնացածը կլինեն ստորաբաժանումների միավորումներ, որտեղ, կարծում եմ, որ հնարավորինս օպտիմալ կկարողանանք իրականացնել մարզպետարաններին վերապահված գործառույթները», - ասաց Նազելի Բաղդասարյանը:

Շիրակի մարզպետն ասում է՝ կլինեն թե՛ միավորվող, թե՛ նոր ձևավորվող վարչություններ, ընդհանուր առմամբ ամենաշատ թվով աշխատակիցներ կունենան Շիրակի ու Գեղարքունիքի մարզպետարանները։ Կառուցվածքը համահունչ է լինելու Կառավարության հետ. - «Եթե նախկինում գյուղատնտեսության բաժինը ուներ մեկ գյուղատնտեսության և բնապահպանության բաժին, ապա այժմ կվերանվանվի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչություն: Այսինքն՝ սա նույնականացվում է Կառավարության կառուցվածքի հետ:

«Մինչև փոփոխությունները պետք է առկա համակարգի ուսումնասիրություն իրականացնել»

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ համայնքների խոշորացումից հետո անհրաժեշտ է, որ Կառավարությունը համայնքներին ավելի շատ լիազորություններ փոխանցի։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան, արխիվ
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան, արխիվ

«Օրինակ՝ ինչպե՞ս հասկանալ, որ, ասենք, օրինակ, մանկապարտեզների կառավարումը համայնքների ձեռքում է, հանակրթական դպրոցների կառավարումը պետական համակարգի ձեռքում է: Սրա ողջամիտ բացատրությունը ո՞րն է, ա՞յն է, որ, ասենք, մանկապարտեզները լուրջ բան չեն, թող համայնքները կառավարեն, հանրակրթությունը լուրջ բան է, թող, ուրեմն, պետությունը կառավարի, ավագ դպրոցները թող ընդհանրապես նախարարությունը կառավարի: Սա շատ սխալ մոտեցում է, սա օրինակ է ընդամենը, թե ինչպես կարող էր լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը՝ շարունակելով. - «Ճիշտ կլինի, որ այն ամենը, ինչ պետությունը կարող է չկառավարել և վերաբաշխել, հանձնել համայնքներին, այդպես էլ վարվի: Դրանով պետական կառավարումը մարզպետարանների միջոցով զգալիորեն կնվազի, կնվազեն դրա համար ծախսերը, թող այդ ծախսերը գնան համայնքներ, թող հաստիքները ավելանան համայնքներում»:

Ընդհանրապես, մարզպետարանները, այսինքն՝ տարածքներում պետության կառավարումը վերացնելը, ըստ Բարսեղյանի, սխալ է. - «Դա զգալի ռիսկեր է պարունակում, տեղի կունենա շատ լուրջ խզում Երևանում նստած Կառավարության և հեռավոր համայնքների միջև»:

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ մինչև փոփոխությունները պետք է առկա համակարգի ուսումնասիրություն իրականացնել. - «Վերջում կարող է պարզվել, որ Հայաստանում տարածքներում պետական կառավարում իրականացնելու համար մեզ հարկավոր է ունենալ ոչ թե տասը մարզպետարան, այլ գուցե երեք մարզպետարան, ասենք թե՝ հյուսիսի, կենտրոնական և հարավային, ենթադրենք, անհամեմատ կրճատված աշխատակազմերով և ֆինանսական միջոցներով: Սա լուրջ վարչական կամ կառավարման բարեփոխում է, ըստ էության»:

1990-ականներին մարզպետարանների ձևավորման ժամանակ Շիրակի մարզպետարանը 119 համայնք էր վարահսկում, այժմ` միայն 5 խոշորացված համայնք ու Գյումրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG