Մատչելիության հղումներ

Bloomberg. «Ռուսաստանը պատերազմի կապակցությամբ «մոբիլիզացնում» է բյուջեն


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ:

Ռուսաստանի կառավարությունը որոշել է պարարտանյութ արտադրող և ածուխ արդյունահանող պետական ընկերություններից պահանջել «միանվագ վճարումներ» և կրճատել ոչ պաշտպանական ոլորտի ծախսերը:

Ըստ ֆինանսական և տնտեսական հարցեր լուսաբանող Bloomberg մեդիա-ընկերության, այդ մասին ասվում է վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությունում, որը դեկտեմբերի կեսին է ստորագրվել: Ռուսաստանում պաշտոնապես նման փաստաթղթի մասին տեղեկություն չի հրապարակվել:

Ըստ Bloomberg-ի, կառավարությունը նշված քայլերն անվանում է «եկամուտների մոբիլիզացիա»:

Դրա միջոցով ստացված փողի մի մասը կօգտագործվի Ուկրաինայի դեմ պատերազմի ծախսերի համար:

Bloomberg-ի աղբյուրները նշել են, որ վճարումների չափի մասին որոշումը դեռ չի ընդունվել և կախված կլինի 2022 թվականի բյուջեի կատարման հետ, որը դեռ չի ամփոփվել:

Իշխանությունները կարող են պետական ընկերությունների եկամուտը հարկել ավելի քան 50 տոկոսով: Bloomberg-ը ենթադրում է, որ դա կլինի ոչ թե մշտական, այլ միանվագ գործողություն:

Բացի այդ, կառավարությունը կտրամադրի 175 միլիարդ ռուբլի Խերսոնից Ռուսաստանի այլ շրջաններ 100 հազար մարդկանց տեղափոխման համար:

Ըստ Միշուստինի ստորագրած փաստաթղթի, անվտանգության և պաշտպանության հետ չկապված բյուջետային ծախսերի «օպտիմալացումը» թույլ կտա տնտեսել առնվազն 150 միլիարդ ռուբլի:

2022 թվականի դեկտեմբերի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե բանակի ֆինանսավորման սահմանափակումներ չեն լինի:

«Երկիրը, կառավարությունը տալիս են այն ամենն, ինչ բանակը խնդրում է»,- ասել է Ռուսաստանի նախագահ Պուտինը:

XS
SM
MD
LG