Մոսկվայում հոսպիտալացվել է ռուսաստանցի անվանի կինոբեմադրիչ, դերասան, հաղորդավար և հրապարակախոս Նիկիտա Միխալկովը:
«Բազա» լրատվական կայքի փոխանցմամբ, 77-ամյա Միխալկովի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով: Նա ծանր վիճակում է:
Մինչդեռ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, չնշելով հիվանդության աստիճանը, հաղորդել է, որ Միխալկովի մոտ գրիպ է ախտորոշվել:
Միխալկովը հայտնի է որպես ծայրահեղ պահպանողական հայացքներ դավանող անձ: Նա Ռուսաստանում միապետականության վերականգնման կողմնակից է:
Նա միանշանակ սատարում է նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը և ողջունել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա:
Իր ամենշաբաթյա քարոզչական հեռուստածրագրերից մեկում, որը եթերից հանվել է, Միխալկովը պնդել է, թե մարդկանց կորոնավիրուսի դեմ պատվաստելու անվան տակ միլիարդատեր Բիլ Գեյտսի ծրագրով տեղադրում են միկրոչիպեր և փորձում են այդպես կրճատել մոլորակի բնակչության թիվը, քանի որ մարդկությունը շատ պաշարներ է սպառում: Միխալկովը նաև կասկած է հայտնել կորոնավիրուսի գորյության վերաբերյալ:
Միխալկովը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահն է և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը: Նա վաստակել է «Օսկար», Կաննի փառատոնի Գրան պրի և Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակները: