Եվրախորհրդարանի կոռուպցիոն սկանդալի ենթադրյալ հանցակազմը ընդլայնվում է, ևս երկու պատգամավոր կարող է զրկվել անձեռնմխելիությունից: Համապատասխան պահանջ է ներկայացրել Եվրամիության օրենսդիր մարմնի մի շարք գործող և նախկին պատգամավորների և Կատարի իշխանությունների միջև կոռուպցիոն գործարքները հետաքննող Բելգիայի ոստիկանությունը։
Կաշառակերության մեջ կասկածվող եվրոպացի երկու պատգամավորների անունները պաշտոնապես չեն հաղորդվում, «Ֆրանսպրես» և «Ռոյթերզ» գործակալությունների աղբյուրների համաձայն՝ խոսքը Եվրախորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Անդրեա Կոզոլինոյի և բելգիացի Մարկ Տարաբելայի մասին է։ Վերջինս Արաբական թերակղզու հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահն է, հայտարարել է, որ ինքն անմեղ է։ Իրավապահների կասկածները հերքել է նաև նրա սոցիալիստ գործընկեր Անդրեա Կոզոլինոն։
Մամուլում «Կատար-գեյթ» անվանումը ստացած սկանդալը ծագել է անցած ամիս։ Բելգիայի իրավապահները պնդում են, որ Եվրախորհրդարանի մի շարք գործող և նախկին պատգամավորներ կասկածվում են Կատարի իշխանություններից դրամ և թանկարժեք նվերներ ստանալու մեջ։ Քրեական գործի շրջանակներում իրավապահներն անցած ամիս մոտ երկու տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացրել՝ դրանցում հայտնաբերելով ընդհանուր առմամբ մեկ միլիոն եվրոյի հասնող կանխիկ գումար։
Կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով ձերբակալված է չորս անձ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի արդեն նախկին փոխնախագահ Եվա Կաիլին։ 44-ամյա հույն քաղաքական գործիչը Եվրախորհրդարանի անդամ էր վերջին ութ տարիներին, որպես կառույցի փոխնախագահ նրա պատասխանատվության ոլորտում էին Մերձավորարևելյան տարածաշրջանի հետ կապերը։
Չնայած Կատարում օլիմպիական օբյեկտների կառուցման ժամանակ աշխատողների իրավունքների կոպտագույն և համատարած խախտումների մասին միջազգային հանրության պնդումներին՝ Կաիլին, անցյալ տարի աշնանը այցելելով Դոհա, Կատարն անվանել էր «աշխատողների իրավունքների առումով առաջատար» և գովեստի խոսքեր շռայլել ֆուտբոլի առաջնությունը հյուրընկալելու համար։
Բելգիական դատախազության համոզմամբ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին տրված կաշառքների նպատակը հենց մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով, ազատությունների սահմանափակումներով, բռնապետական ռեժիմով հայտնի Կատարի վարկանիշը Եվրոպայում բարելավելն է, Եվրախորհրդարանում Կատարի օգտին տնտեսական, ֆինանասկան և քաղաքական որոշումների կայացնելը։ Կատարի օգտին թերևս ամենանշանակալից որոշումներից մեկը պետք է դառնար Պարսից ծոցի այդ պետության և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը, որն արդեն Եվրախորհրդարանի օրակարգում էր հայտնվել, սակայն կոռուպցիոն սկանդալի ֆոնին սառեցվել։
«Առաջին իսկ պահից Եվրախորհրդարանն ամեն ինչ արել է հետաքննությանը օգնելու համար, և մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի որևէ մեկն անպատիժ չմնա»,- անցած շաբաթներին հավաստիացնում էր Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Նրա խոսքերով՝ սկանդալում ներգրավված անձինք պետք է տեսնեն, որ «այս խորհրդարանը օրենքի կողմում է, և որ կոռուպցիան չի կարող արդարացվել»։
Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին Եվրամիության պաշտոնյաների այս հայտարարություններին արևմտյան մամուլը թերահավատորեն է վերաբերվում՝ շեշտելով, որ «Կատար-գեյթն» ընդամենը այսբերգի գագաթն է՝ հիշեցնելով եվրոպացի պաշտոնյաների կաշառման բազմաթիվ այլ դեպքերի մասին, ներառյալ՝ ԵՄ էներգետիկ գործընկեր Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Անցած տարիներին Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող նախագիծն էր պարզել, որ 2012-2014 թվականներին Ադրբեջանի նախագահն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ երեք միլիարդ դոլար են օրինականացրել, որն ուղղվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, վերնախավի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու նպատակով: Այդ շռայլությունից օգտվել էին նաև մի խումբ եվրոպացի պատգամավորներ։ Լրագրողների ներկայացրած փաստերին Եվրամիության հատուկենտ ներկայացուցիչներ բացառապես դատապարտող հայտարարությւոններով արձագանքեցին, իրավական էական գործընթաց այդպես էլ չնախաձեռնվեց։
Ավելին,, անցած տարվա հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ փաստացի ընդգծելով, որ սա այլընտրանք կլինի ռուսական գազին։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնությունները՝ կարծիք հայտնելով, որ կապույտ վառելիքի մատակարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։
«Ադրբեջանը նավթն ու գազն օգտագործում է Եվրամիությանը հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար», -The Guardian-ի հետ զրույցում ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ֆիլիպ Դամը: