Մատչելիության հղումներ

Նալբանդի թունելն սպասարկող 11 աշխատակիցները պահանջում են չվճարված աշխատավարձը


Սպիտակ - Նալբանդ հատվածի թունելն սպասարկող 11 աշխատակիցների չվճարված աշխատավարձի հարցը չի լուծվում անգամ այն բանից հետո, երբ Աշխատանքի տեսչական մարմինը քննել ու «Երեք բռունցք» ընկերության տնօրենին կարգադրել է 30-օրյա ժամկետում վճարել աշխատակիցների մոտ 6,5 միլիոն դրամ աշխատավարձի պարտքը, առաջացած տույժերն ու կատարել աշխատողների նկատմամբ օրենքով սահմանված մյուս պարտավորությունները։

«Հունվարի 1-ից մինչև մայիսի 18-ը ինքը մեզ աշխատավարձ չի վճարել», - ասում է Հրաչ Հակոբյանը, ով իր10 գործընկերների հետ այս տարվա առաջին 5 ամիսներին «Երեք բռունցք» ընկերության հետ աշխատանքային պայմանագիր են կնքել, ըստ գրաֆիկի գործի գնացել, բայց 5 ամիս անց պարզել են, որ անօրինական են աշխատում։

«Երեք բռունցքը» մրցույթում շահել, բայց համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Տարածքային կառավարման նախարարություն չի ներկայացրել։ Նախարարությունն էլ որպես տույժ միակողմանիորեն հրաժարվել է պայմանագրից ու ընկերությանը զրկել ոչ միայն այս, այլ ևս երեք կամուրջների ու թունելների սպասարկման իրավունքից։ Սրա հետևանքով ընդհանուր առմամբ 38 մարդ ամիսներ շարունակ աշխատել, բայց աշխատավարձ չի ստացել։

«Մենք իմացել ենք, որ տենդերը շահել ենք, ևս հինգ տարի աշխատանք պիտի ունենանք, նորմալ աշխատավարձ պիտի ստանանք», - ասաց աշխատակիցներից մեկը։

Նրա գործընկերը հավելեց. - «Մեզ ամեն ամիս ասել են՝ էս ամիս աշխատավարձը չեղավ, մյուս ամիս կլինի։ Մյուս ամիս էկել ա աշխատավարձի օրը, էլի ասել են չի նստել փողը, խոսք են տվել էն մյուս ամիս։ Ու էդ ձև հինգ ամիս ձգին-ձգին, վերջում ասեցին հիմնարկը լուծարվել ա, թե տենդեր չենք շահել։ Իսկ մինչև էդ ասում էին, թե տենդերը շահել ենք, ամեն ինչ լավ ա, աշխատավարձը բարձրացել ա ձեր»։

Մոտ մեկ կիլոմետրանոց թունելը 5 ամիս առանց աշխատավարձի սպասարկած աշխատակիցներն ընկերությունի'ց պահանջներ ունեն, ընկերությունը՝ նախարարությունից։ Երկու կողմերն էլ բազմաթիվ բողոք-դիմումներ են ուղարկել կառավարության տարբեր կառույցներ։ Օրեր առաջ հարցը քննել ու աշխատակիցների օգտին որոշում է կայացրել Աշխատանքի տեսչական մարմինը, բայց նրանց նախկին գործատուն Ամանորի նախաշեմին անգամ հույս չի տալիս, թե պարտքը կմարի։

Ավելի քան 40 միլիոն դրամանոց ծրագրից զրկված «Երեք բռունցք» ընկերության ղեկավար Հմայակ Հարությունյանը նախարարություն ներկայացրած իր բողոքի մեջ նշել էր, թե ամենացածր գնային առաջարկն էր արել, ընկերությունների մեջ ամենափորձառուն էր, այդ ինչպե՞ս եղավ, որ որոշեցին գործն իրեն չվստահել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մեղադրելով անտարբերության, բացթողումների ու անշրջահայացության մեջ՝ սրտնեղած գործարարը գրել է. «միգուցե ասպետություն ցուցաբերեք և ուղիղ ասեք հիմնական պատճառը». - «Ես մինչև հիմա չեմ կողմնորոշվել, թե ինչ տարաձայնության հիման վրա ինձ հետ ըտենց վարվեցին... 2000 թվից ես Տրանսպորտի նախարարության և 2019 թվից էս նախարարության հետ թունելների սպասարկում եմ իրականացրել։ Կամուրջների սպասարկում առաջին անգամ էի շահել։ Ու տենց կործանեցին փաստորեն ամեն ինչ»։

Տարածքային կառավարման նախարարության գլխավոր քարտուղարը Հարությունյանին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Երեք բռունցք» ընկերությունը շահած չորս ծրագրերից զրկվել է սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու պատճառով։ Ընկերությունը պարտավոր էր բանկային երաշխիք ապահովել, բայց չի ապահովել։ Դա է եղել պատճառը, որ միակողմանիորեն խզել են ընկերության հետ կնքված չորս պայմանագրերը։

«Երեք բռունցքի» ղեկավար Հմայակ Հարությունյանը չի ընդունում նախարարության մեղադրանքներն ու ասում է, որ դիմելու է դատարան՝ ընկերությանը «հանիրավի պատժելու որոշումը» բողոքարկելու և վնասները հետ ստանալու պահանջով. - «Հիմա ես յուրիստ եմ վարձել, որ դատի տամ։ Էլ ուրիշ ճանապարհ չեմ տեսնում... որ ինչի իմ աշխատած ամիսներին չեք վճարել»։

Նալբանդի թունելի աշխատակիցները մինչդեռ չեն ընդունում իրենց նախկին գործատուի արդարացումները. - «Նախարարության հե՞տ ենք մենք պայմանագիր կապել, պայմանագիրը քու հետ ա էղել»։

«Երեք բռունցք» ընկերության հետ պայմանագիրը խզելուց հետո թունելի սպասարկման համար նոր մրցույթում շահել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Ռ. Ղազարյան» ընկերությունը, որի աշխատողներն են արդեն իրենց չվճարված աշխատավարձի համար պայքարողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG