Մոլդովայի քրեական օրենսգրքի նոր լրացումները կարող են խափանել Մերձդնեստրի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, այսօր հայտարարել է Քիշնևի հետ բանակցություններում ինքնահռչակ հանրապետությունը ներկայացնող հատուկ բանագնաց Վիտալի Իգնատևը։
Նրա խոսքով՝ Մոլդովայի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված Քրեական օրենսգրքի լրացումները, որոնցով պատիժ է սահմանվում անջատողականության և տարածքային ամբողջականության խաթարման համար, «լրջորեն վտանգում են խաղաղությունը, անվտանգությունն ու բանակցային գործընթացը»։
«Հուսով ենք, որ Մոլդովայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ լրացումները չի հաստատի, ինչը հնարավորություն կտա բարեկամական հարաբերություններ կառուցել Մերձդնեստրի հետ և կատարել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշել է Իգնատևը։