Մատչելիության հղումներ

Բայրամովը «շատ սահմանափակ» է գնահատել 2022-ին Հայաստանի հետ բանակցությունների արդյունքները


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը 2022 թվականը ամփոփող ասուլիսում ասել է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու բանակցություններում Բաքուն նպատակաուղղված է արդյունքի վրա։

«Ադրբեջանը տարբեր հարթակներով միշտ պատրաստ է երկխոսության, բայց Հայաստանի հետ բանակցություններում հիմնական նպատակը արդյունքն է»,- ասել է նա։

«Ինտերֆաքս Ազերբեյջանի» փոխանցմամբ՝ տարվա ընթացքում Հայաստանի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը նա գնահատել է «շատ սահմանափակ», որի պատճառը համարել է «հայկական կողմի ոչ կառուցողական և ոչ հետևողական դիրքորոշումը»։

Ըստ Բայրամովի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանի դելիմիտացիան և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը երեք տարբեր գործընթացներ են։

Ըստ ԱՊԱ գործակալության՝ Բայրամովն ասել է, թե գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել էր ապագային թողնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նշել, որ Ադրբեջանը առաջին օրվանից դա անընդունելի է համարել. «Ադրբեջան պետությունը բարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղի էթնիկ հայերը Ադրբեջանում ապրելու իրավունք ունեն և Ադրբեջանը պատրաստ է ապահովել նրանց իրավունքները»։

Նա ասել է, թե Ղարաբաղի հայերի հետ դրական շփումների օրինակներ են եղել, բայց «տարածաշրջան է ուղարկվել արատավոր անցյալ ունեցող մարդ», հավելել, թե Ադրբեջանը պատրաստ է կանխելու նման սադրանքները։ Բայրամովն ասել է, թե ադրբեջանական կողմը երբեք շփումներ չի ունենա պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ, իսկ տեղի բնակչության հետ ապագայում ևս շփումներ կլինեն, և դա նորմալ է համարել։

Արցախի պետնախարարը օրերս հայտարարեց, որ ինքը կատարել է իր ընտրությունը՝ մնալու է Արցախում և շարունակելու է պայքարը:

XS
SM
MD
LG