Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է բանակը բերել ամենաբարձր պատրաստականության, հայտարարել է պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։
«Սերբիայի նախագահը որպես գերագույն գլխավոր հրամանատար (...) կարգադրել է, որ սերբական բանակը լինի մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի վրա՝ պատրաստ ռազմական ուժի կիրառման», - հայտնել է Վուչևիչը սերբական Tanjug պետական գործակալությանը։
Պաշտպանության նախարարը նշել է, որ նախագահը հրամայել է բարձրացնել մարտական պատրաստականությունը՝ հաշվի առնելով Կոսովոյի և Մետոհիայի ինքնավար նահանգում տիրող իրավիճակը և այն, որ Կոսովոյի ալբան իշխանությունները շարունակում են նախապատրաստվել սերբերի վրա հարձակմանն ու բարիկադների բռնի հեռացմանը։
Կոսովոյի հյուսիսում շարունակվում են սերբ բնակիչների բողոքի ակցիաները, որոնք սկսվել են ազգությամբ սերբ նախկին ոստիկանի ձերբակալությունից հետո: Դա խիստ սրել է իշխանությունների և Կոսովոյում ազգային փոքրամասնություն հանդիսացող սերբերի հարաբերությունները:
Ալբանացիների մեծամասնությամբ Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին: Արևմուտքը սատարել է Կոսովոյին 1998-99 թվականների պատերազմում, երբ ՆԱՏՕ-ի ուժերը մտել են երկրամաս բնակիչների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար:
Կոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ: Այն ճանաչել են մոտ 110 պետություններ, սակայն Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ դա մերժել են: Եվրամիության 5 երկրներ՝ Իսպանիան, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան և Կիպրոսը չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը: