Չափահաս բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։
Խորհրդարանն այսօր միայն իշխանության ձայներով ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը։
Որոշ խմբերի քաղաքացիներ ավելի վաղ կմիանան համակարգին, օրինակ հանրային ծառայողները։ Նախագծի սկզբնական տարբերակով բնակարանի ձեռք բերման հիփոթեքային ծրագրերով եկամտահարկի վերադարձից օգտվողները նույնպես պետք է կառավարության այս նախաձեռնության առաջին մասնակիցներից լինեին, սակայն հետո որոշել են փոխել այս դրույթը։
Նախագծում կատարված փոփոխությունները ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը. - «Երեք խումբ անձանց համար նախատեսվել է հայտարարագրման առաջին տարի սահմանել ոչ թե 2023 թվականը, այլ երկու տարի ավելի ուշ՝ 2025 թվականը։ Այդ անձինք են՝ արտագնա աշխատանքից եկամուտ ստացող մեր ռեզիդենտ քաղաքացիները, հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձ ստացող մեր քաղաքացիները և նոտարները»։
Թե ինչ ժամկետներում են քաղաքացիները հայտարարագրեր լրացնելու, ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը. - «Առաջին հայտարարագրերը լրացվելու են 2024 թվականի մայիսին, այսինքն՝ մեկ տարի չորս ամիս հետո։ Եվ 2026 թվականի մայիսին արդեն Հայաստանի Հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիները հայտարարագիր կլրացնեն»։
Այս հայտարարագերն էլեկտրոնային հարթակում ավտոմատ կերպով նախապես պատրաստված են լինելու։ Պատասխանատուները վստահեցնում են, թե քաղաքացիներից կպահանջվի միայն ժամանակին ստուգել դրանք, անհրաժեշտության դեպքում փոփոխել ու հաստատել։
Քննարկմանն այսօր նաև ընդդիմությունն էր մասնակցում։ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը ռիսկեր է տեսնում։ Նրա կարծիքով, այն, որ պետությունը պարտադրելու է բոլոր քաղաքացիներին իրենց եկամտուները ներկայացնել, նշանակում է, որ մի օր էլ գուցե որոշեն հարկել այդ մարդկանց՝ օրինակ արտագնա աշխատողներին, գյուղատնտեսներին. - «Այսինքն՝ մեր հայրենակիցները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն կարողանում աշխատանք գտնել, ստիպված վերցնում են ձեռքը պանդուխտի ցուպը և գնում են դուրս, կոպեկ-կոպեկ աշխատում են, փողը փոխանցում են ստեղ, հիմա կառավարությունը պահանջում է, որ իրենք հայտարարագրեն իրենց եկամուտները։ Էսօր կհայտարարագրեն, վաղը դրանից կօգտվեն և կհարկեն։ Նմանապես, տիկնայք և պարոնայք, դուք ուզում եք հարկել էն մարդկանց, ում եկամուտի հիմնական կամ միակ աղբյուրը դրսից եկած տրանսֆերտներն են»։
Կառավարությունից ու իշխող խմբակցությունից արձագանքը չուշացավ. վստահեցրին՝ նման բան չկա։
«Խոպանչիներին որևէ մեկը չի հարկելու», - հավաստիացրեց Թունյանը։
«Այս նախաձեռնությամբ որևէ չհարկվող եկամուտ չի նախատեսվում դարձնել հարկվող, որևէ հարկվող եկամուտի դրույքաչափ չի նախատեսվում բարձրացնել», - իր հերթին վստահեցրեց փոխնախարար Պողոսյանը։
Ի վերջո, ո՞րն է բոլոր քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու նպատակը։ Կառավարությունից պարզաբանում են՝ սա հնարավորություն կտա առավել ճշգրիտ ընտրել սոցիալական տարբեր ծրագրերից օգտվողներին, կամրապնդվի հարկեր վճարելու մշակույթը։
Փորձագետներն անհագստացած են, ասում են՝ սա էլ հանկարծ այլ օրենքների նման տեխնիկական տարատեսակ խնդիրներով չուղեկցվի։
«Հեշտ ասում են։ Կմտնի, ինքնաշխատ եղանակով կվավերացվի։ Արդյո՞ք ունենք մենք վերլուծություն, թե մեր քաղաքացիների քանի տոկոսն է գրագետ այդ առումով և կարող է այդ գործողություններն անել», - ասում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Արյդո՞ք հայաստանցիները կկարողանան անխափան ու առանց խնդիրների օգտվել այս համակարգից ու անհրաժեշտ գործողություններն անել։
Նման մի նախեձեռնություն այս տարի բազմաթիվ խնդիրներով ուղեկցվեց. ամռանը անկանխիկ գործարքների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շատ բնակավայրերում քարտով վճարում կատարելու հնարավորություն դեռ չկա։ Զադոյանը հիշեցրեց առաջին դասարանցիներին դպրոցներում օնլայն հերթագրելու հետ կապված դժվարությունները. - «Միգուցե պետք է պլանավորել, երեք տարի լուրջ իրազեկման աշխատանքներ տանել, հասարակության պատրաստել, նոր սահուն անցնել այդ ռեֆորմին»։
Կարեն Զադոյանն ավելի վաղ՝ խորհրդարանական լսումների ժամանակ հարցրել էր՝ ինչո՞ւ են այսքան հապճեպ կարգով քննարկում Հայաստանի բոլոր քաղաքացիներին առնչվող համակարգային փոփոխությունը։
Կառավարությունը հայտարարում է՝ հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ նաև խթանող միջոցառումներ են իրականացնելու՝ պարտաճանաչ քաղաքացիներին մոտիվացնելու համար։ Բայց մանրամասներ դեռ չկան։