Մատչելիության հղումներ

«Պարգևավճարների գումարով արցախցիներին թող օգնեին». Ալեն Սիմոնյանը կարգադրել է կրկին պարգևատրել պատգամավորներին


Պատգամավորները տարեվերջին կրկին կպարգևատրվեն։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի կարգադրությունն է, հավելավճար կստանա նաև Ազգային ժողովի աշխատակազմը։

Ի՞նչ մտածում այս մասին երևանցիները։ «Դուք ինձ ասեք, օրինակ բերեք ի՞նչ հարց են լուծել, ես ասեմ, որ էս մարդը արժանի ա... Ի՞նչ ա արել», - «Ազատությանն» ասաց մի կին։

«Իմ վրա դա շատ ա ազդում, բայց լուծում չկա», - ասաց ներկայանալ չցանկացած մեկ այլ կին։ Նա զարմացած է՝ այս օրերին էլ շտայլ պարգևավճարներիի մասին են մտածում, երբ արցախցիները աղետալի վիճակում են, և հայտնի չէ, թե երբ կբացվի Լաչինի միջանցքը։ Հատկապես իշխանականների ուշք ու միտքը այդ կողմը պետք է լիներ, ասում է նա. - «Արցախին օգնեին։ Ամեն ինչով, գումարով... ինչով հնարավոր ա, ով ինչ ունի, ով ինչ հնարավորություն ունի, էս պահին միայն Արցախ, նոր մնացած մյուս բաները»։

Պատգամավորներն այս տարվա ընթացքում երրորդ պարգևավճարն են ստանում, աշխատավարձի չափով։ Պատգամավորի աշխատավարձը շուրջ 500 հազար դրամ է, 250 հազար դրամ էլ հավելյալ ստանում են աշխատանքային ծախսերի համար։ Պատրա՞ստ են հետևել տիկնոջ խորհրդին ու իրենց պարգեւվճարը փոխանցել ադրբեջանական պաշարման մեջ ապրող արցախցիներին։

«Պատրաստվում եմ վարկերս մուծել և Գորիս մեկնել և ժողովրդին տեսնել», - ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագգահ Արմեն Խաչատրյանը («Քաղաքացիական պայմանագիր»)

Նա ասում է, թե իր ծախսերը շատ են, ստացածն էլ չի բավարարում։ Իսկ արցախիցներին հումանիտար ճգնաժամից դուրս բերելու համարաշխատում են անդադար. - «Իմ անձնական աշխատավարձից, և ոչ անձնականից, և ընկերներին խնդրելով, և հիմնարկի տերերին խնդրելով էնքան բան ենք էնքան տեղ փոխանցում։ Ուղղակի նպատակահարմար չեն գտնում այդ մասին խոսամ»։

Իշխանականներից Գագիկ Մելքոնյանի կենցաղային ծախսերն էլ շատ են, գումարն էլ, ասում է, մի բան չէ. - «Պարգևավճարները էսօր ստանում ես, վաղը արդեն չկա»։

Իշխանական պատտգամավորները զարմանում են, որ քաղաքացիները հարցնում են՝ ի՞նչ են արել, որ ճոխ պարգեւավճարներ են ստանում։ «Էսքան օրենքներ են ընդունում, էսքան գործողություններ ա կատարվում, արտերկիր են գնում։ Տարբեր տեղեր գնալուց... էդ էլ արդյունք ա, չէ՞, - թվարկեց Մելքոնյանը։

Նրա թիմակից Խաչատրյանն էլ նեղսրտում է՝ ինչպե՞ս կարող է պատգամավորը սոցիալապես վատ ապրել. - «Չի կարելի, որպեսզի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, առաջնային մանդատ կրողը լինի սոցիալապես անապահով։ Դա ուղղակի չի կարող այդպես լինել»։

Այս քաղաքացին պարգևավճարին կողմ է։ Աշխատողին պետք է խրախուսել ասում է. - «Խրախուսման ձև ա, վատ չի, եթե գործատուն խրախուսում ա»։

Արցախցիներին օգնելու համար, այս տղամարդու կարծիքով, կտրուկ գործողութուններ են պետք։ Պարգևավճարները փոխանցելով հարց չի լուծվի. - «Իսկ հայրենակիցներին օգնելու համար պետք ա համազգային համախմբում լինի, և դիմել ինչ-որ գործողությունների»։

Նախորդ անգամ ընդդիմադիրները պարգևավճար չէին ստացել խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու պատճառով։ Այս անգամ կստանան, քանի որ վերադարձել են խորհրդարան ու մասնակցում են նիստերին։ Առաջին անգամ երբ ստացել էին, հայտարարեցին, որ գումարը փոխանցել են տարբեր հիմնադրամների՝ Արցախի վերականգնողական կենտրոն, Երեւանում զինվորի տան հասցեով։

Այս անգամ ինչ են անելու։ Ընդդիամդիր երկու խմբակցություններից փոխանցեցին, թե դեռ որոշումներ չունեն։ Պատգամավորների պարգևավճարների համար հատկացվել է ավելի քան 73 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG