Մատչելիության հղումներ

Բորելն Իրանին հորդորել է դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին


Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավարը իրանցի պաշտոնակցին հորդորել է անհապաղ դադարեցնել Ռուսաստանին ռազմական աջակցությունը և թուլացնել երկրի ներսում բռնաճնշումները։ Ժոզեպ Բորելի և Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հանդիպումը տեղի է ունեցել Հորդանանում՝ Իրան-ԵՄ լարված հարաբերությունների ֆոնին։

Թեև միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, Բորելն, այդուհանդերձ, շեշտել է, որ Բրյուսելը կշարունակի աշխատել արդյունքի հասնելու ուղղությամբ։

«Պայմանավորվել ենք բաց պահել հաղորդակցությունը և վերականգնել #JCPOA-ն Վիեննայի բանակցությունների հիման վրա», - Թվիթերում գրել է Բորելը՝ նկատի ունենալով սեպտեմբերից դադարած բանակցությունները։

Ամիր Աբդոլահիանն, իր հերթին, հայտարարել է, որ արևմտյան գերտերությունները պետք է «կառուցողական» մոտեցում որդեգրեն 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու համար։

Միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների վճռական փուլում Իրանը երկրում սկիզբ առած բողոքի ցույցերին արձագանքել է աննախադեպ դաժանությամբ։ Բացի այդ, Արևմուտքը Թեհրանին մեղադրում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու համար, որոնք, ինչպես պնդում է Կիևը, ռուսական ուժերը կիրառում են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար:

XS
SM
MD
LG