Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակման վերաբերյալ պնդումները։ Այդ մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է քիչ առաջ։
«Հակառակ տարածվող ապատեղեկատվությանը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և հայերին պատկանող շտապօգնության մեքենաներն անխափան կերպով անցնում են Լաչինի ճանապարհով», - APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ-ի վկայությամբ՝ հիվանդի տեղափոխումը կազմակերպելու խնդրանքով Բաքվին է դիմել Կարմի Խաչի միջազգային կոմիտեն, որի պահանջն «անմիջապես բավարարվել է»։
Լաչինի միջանցքը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Դեկտեմբերի 13-ից 16-ն էլ Արցախում գազամատակարարումն էր դադարեցված: Արցախի պետնախարարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ գազամատակարարման վերականգնումից հետո կարող է նաև Լաչինի միջանցքը բացվել: