Եվրախոհրրդարանը խորհրդային գիտնական, այլախող և իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան 2022 թվականի մրցանակը «Մտքի ազատության» մրցանակը շնորհել է «Ուկրաինայի խիզախ ժողովրդին»:
Դափնեկրի թեկնածուների ցանկում էին Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և «Ճշմարտության հանձնաժողով» կոլումբիական կազմակերպությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Եվրախորհրդարանին: Նա ասել է, որ պետք է ոչ թե սպասել պատերազմի ավարտին, այլ հենց այսօր ջանքեր գործադրել պատերազմի համար մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:
Անցյալ տարի Սախարովի մրցանակին արժանացել է ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:
Եվրոպական խորհրդարանն այս տարի մրցանակը շնորհում է «թե՛ իրենց հողում հայրենիքի համար կռվող ուկրաինացիներին, թե՛ պատերազմում մտերիմներին կորցրածներին և թե՛ պատերազմի հետևանքով փախստական դարձած բնակիչներին»
Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնվել է 1988 թվականին: Դա Եվրամիության կողմից շնորհվող բարձրագույն մրցանակն է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: