Եվրոպական միությունը միասնական է Ուկրաինային սատարելու գործում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նա իր մեկնաբանությամբ արձագանքել է Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ Հունգարիայի ներկայացրած առարկություններին:
«Ապագայի առումով կարող եմ ասել հետևյալը. կձախողվի ցանկացած մեկն, ով կմտածի, թե արգելափակելով մեր արտաքին կամ անվտանգային քաղաքականությունն՝ ի զորու կլինի քայքայել Եվրամիության դավանած արժեքները, որոնց հավատարիմ են մեր միության բոլոր անդամները»,- ասել է Շոլցը:
Ավելի վաղ Բուդապեշտն առարկել է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու գաղափարի դեմ և մեղմել է դիրքորոշումը միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունը մասամբ արգելանքից հանել է Հունգարիայի համար նախատեսած ֆինանսական օգնությունը:
Եվրամիությունը սառեցրել էր այդ գումարը Հունգարիայում օրենքի գերակայության սկզբունքը սահմանափակելու գործելակերպի կապակցությամբ:
Գերմանիայի կանցլերը Բունդեսթագում անդրադարձել է նաև վաղը Բրյուսելում նախատեսված Եվրոպական խորհրդի նիստի օրակարգին, ասելով, որ այն վկայում է, թե որքան լուրջ է կացությունը, որի մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքաշել է ամբողջ Եվրոպայի մայրցամաքը:
«Բայց այդ օրակարգը նաև ապացուցում է, թե ինչ աղաղակող սխալ է գործել Պուտինը՝ սկսելով այս պատերազմը: Նա կարծում էր, թե մի քանի օրում կգրավի Ուկրաինան: Համոզված էր, որ Եվրոպան կպառակտվի, հավատում էր, թե փակելով գազի ծորակը՝ կոչնչացնի Եվրոպայի համերաշխությունը: Նրա ոչ մի գաղափար իրականություն չդարձավ»,- ասել է Օլաֆ Շոլցը: