Մատչելիության հղումներ

«Սա իմ երազանքն էր, որ ուզում էի կատարվեր». Արա Ալեքյան


Քանդակագործ Արա Ալեքյան
Քանդակագործ Արա Ալեքյան

Դեկտեմբերի 15-ին ավարտվում է Նկարիչների միության կազմակերպած հայ ժամանակակից գեղանկարիչների և քանդակագործների մեծածավալ ցուցահանդեսը՝ Աշնանային սալոնը, որտեղ ցուցադրված հարյուրավոր ստեղծագործություններ իրենց տարբեր ոճավորմամբ ու դրսևորումներով ամբողջովին ներկայացնում են հայ ժամանակակից գեղանկարչությունն ու քանդակը։

Ցուցահանդեսում շատ ուշագրավ են հատկապես ներկայացված քանդակները, որոնց շարքում հատկապես աչքի է զարնում քանդակագործ, վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի «Փարաջանով» հրաշալի քանդակը։ Արա Ալեքյանը հիմնականում աշխատում է երկաթով կամ երկաթի թափոններով, որոնցից ծնունդ առած ստեղծագործությունները ոչ միայն մեր մայրաքաղաքում են ներկայացված, այլև արտասահմանյան տարբեր քաղաքներում։ Միայն Բրյուսելում կանգնած են նրա 4 մոնումենտալ երկաթյա քանդակները։

«Կինո Մոսկվայի դիմաց եղել ա երկու ձի, հետո արջ, հետո ցուլ, սարդը հիմա է տեղադրված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքյանը։

Փարաջանովի մեծ քանդակը ստեղծման երկար պատմություն ունի, թեև այն ծնունդ է առել այս տարեսկզբին՝ գարնանը։ Դեռ յոթ տարի առաջ Արա Ալեքյանը Փարաջանովի մի քանի դիմանկարներ է ստեղծել, հետո սկսել է հավաքել քանդակի համար անհրաժեշտ մետաղի թափոնը և մի քանի փոքր քանդակներ արել, դրանք վաճառվել են և գտնվում են այժմ եվրոպական քաղաքներում. - «Բայց ամբողջ երազանքս էն էր, մտածում էի, որ մեծը անեմ։ Մեծը կստացվի՞, անընդհատ ինքս ինձ հարց էի տալիս։ Եվ եկավ էն պահը, մետաղների թափոնները երբ որ գտա, էն նյութերը, որոնք ինձ պետք էր, մնում էր հավաքելը արդեն։ Բայց ամեն տարի ինչ-որ մի բան խանգարում էր։ Ու վերջապես էս տարի տարվա սկզբից մտածեցի, որ չէ, էս տարի պետք ա անեմ։ Ու պատկերացրեք, յոթ տարի մտածելուց, յոթ տարի էդ նյութերը հավաքելուց հետո կարծես մի պահ էր եկել, որ մտածում էի, որ չեմ կարող անել, կարող ա և չստացվի։ Բայց էնքան փափուկ ու հեշտ ստացվեց, մի քանի ամսում միանգամից վերջացրեցի աշխատանքը։ Ես էլ չէի սպասում, որ էդքան արագ կլիներ»։

«Սա իմ երազանքն էր, որ ուզում էի կատարվեր։ Սա պատվեր չի», - հավելեց քանդակագործը։

«Ազատություն». - Փարաջանովի թանգարանի չի՞ ուզում գնել։

Ալեքյան. - Դա արդեն թանգարանի կամ քաղաքապետարանի խնդիրն է, իմ խնդիրը չի։ Իմ աշխատանքը ես արել եմ, իմ համար շատ թանկ արժի։ Ամեն մի քանդակ, ամեն մի աշխատանք երբ որ անում ես, ինքը իրա ճակատագիրը ունի, իր կյանքը ունի։ Թե ոնց իրա ճակատագիրը կտնօրինվի, Աստծու գործն ա։

«Ազատություն». - Անձամբ ճանաչե՞լ էիք Փարաջանովին։

Ալեքյան. - Այո, անձամբ ճանաչել եմ, ես նվեր ունեմ Փարաջանովից։ Մի հատ իկոնայի ֆուտլյար եմ ստացել իրանից նվեր, մոտ մի երեք ժամ իրենց տանն եմ եղել, էդ ժամանակ եմ ծանոթացել, 82 թվականին։ Դեռ ուսանողներ էինք մենք։ Ֆոտոներ ունեմ, իրա հետ նկարված ֆոտոներ ունեմ... մեծ նկարիչ էր, մեծ արվեստագետ։ Եվ փորձեցի էն տպավորությունը, որ ստացել էի այդ երկու-երեք ժամում, փորձեցի դա վերարտադրել իմ գործերի մեջ։ Ու կարծում եմ, բոլոր՝ սկսած պորտրետներից մինչև այս վերջին աշխատանքը, ստացվել են։

«Ազատություն». - Քանդակագործի համար ի վերջո ի՞նչն է ամենակարևորը։

Ալեքյան. - Ամենակարևորը՝ եռանդ, հույսը, հավատը։ Էն, ինչ որ ինքը որպես մասնագիտություն արդեն ընտրել ա, պետք ա ազնիվ լինի իրա մասնագիտության մեջ ու աշխատի։ Ամենակարևոր բանը աշխատանքն է։

«Ազատություն». - Իսկ դժվա՞ր է քանդակագործի համար էստեղ ապրելը, ստեղծագործելը։

Ալեքյան. - Մի քիչ դժվար է ասելը։ Ընդհանուր առմամբ, նկարիչների, քանդակագործների համար իհարկե դժվար է, որովհետև հովանավորություն չկա։ Ունենք նկարիչներ, որ լավ ճանաչում ունեն, իրենց գործերը աշխարհում վաճառվում են։ Բայց եթե հիմա ես վերցնեմ իմ վրա, ես չեմ բողոքում, որովհետև իմ գործերն էլ աշխարհում սփռված են, վաճառվում են։ Բայց ինչքան նկարիչներ կան տաղանդավոր, որ էդ հնարավորությունից զուրկ են, բայց իրենցն էլ պակաս գործեր չեն։ Էդ ամեն ինչը պետք է պետական հիմքերի վրա դրվի։

«Ազատություն». - Պետությունից պատվերներ չկան։

Ալեքյան. - Կարող ա կան։ Կան, չեք տեսնո՞ւմ, որ գործեր դնում են։ Բայց ինչ որակի են դնում, կամ ով ա դնում, կամ ոնց ա լինում։ Դա հին սովետական ժամանակից էկող ավանդույթ ա, որ էս երկիրը չի ձերբազատվում դրանից։ Ես ուղղակի երջանիկ կլինեի, որ էն գործերը, որ Երևանում դրվում էին, լավը լինեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG