«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, 2022 թվականին աշխարհում զոհվել է մասնագիտական պարտքը կատարող 57 լրագրող: Դա մոտ 19 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:
Զեկույցի հեղինակները թվի բարձրացումը կապում են Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած Ռուսաստանի ռազմական հարձակման հետ:
Ուկրաինան լրատվամիջոցների աշխատակիցների համար դարձել է երկրորդ ամենավտանգավոր երկիրը Մեքսիկայից հետո: Ուկրաինայում 2022-ին զոհվել է 8 լրագրող:
Բացի այդ, 2022 թվականին առևանգվել է առնվազն 65 լրագրող: Այս տարվա դեկտեմբերի 21-ի դրությամբ աշխարհում ձերբակալվել է 533 լրագրող, ինչը մոտ 13 ու կես տոկոսով գերազանցում է անցյալ տարվա թիվը: Ձերբակալված լրագրողների 15 տոկոսը կանայք են:
Լրագրողների ձերբակալությունների կեսից ավելին տեղի է ունեցել հինգ երկրներում՝ Չինաստանում, Մյանմայում, Իրանում, Վիետնամում և Բելառուսում:
Չինաստանում բանտերում պահվում է լրատվամիջոցների 110 աշխատակից: Իրանում՝ 47, ընդ որում նրանցից մի քանիսին կարող են հակապետական ցույցերի լուսաբանման համար դատապարտել մահվան:
Ռուսաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ բանտերում գտնվում է ԶԼՄ-ների 18 աշխատակից, նրանցից 8-ին ձերբակալել են Մոսկվայի կողմից գրավված Ղրիմում:
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության վերջին զեկույցում նշվում է, որ ռուսաստանցի լրագրող Իվան Սաֆրոնովին պետական դավաճանության մեղադրանքով դատապարտել են 22 տարվա ազատազրկման: